ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է ֆրանսահայ երգիչ, գործիքավորող Եսայի Ալթունյանին

18:24 • 12.02.15

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ֆրանսահայ երիտասարդ երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող Եսայի Ալթունյանին:


Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ալթունյանը տեղեկացրել է, որ արմատներով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառից է, պապը ցեղասպանության ականատեսներից է եղել, որի հարազատներից շատերը զոհ են գնացել թուրքական յաթաղանին, և Եսային իր մեջ կրում է պապի հիշողություններն ու ցեղասպանության ցավը:  Նա միշտ սերտ կապեր է պահպանել ֆրանսահայ համայնքի հետ, համագործակցել է Միշել Լեգրանի և այլ նշանավոր ֆրանսահայերի հետ:

 

Առաջին անգամ Հայաստան է եկել 1997-ին՝ «Երկիր և մշակույթ» կազմակերպության միջոցով և մասնակցել է Գոգարանի եկեղեցու վերանորոգմանը: Ներկայումս ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի երաժշտական տնօրենն է: Ունի իր անձնական ստուդիան Ֆրանսիայում:


Երաժշտություն է գրել ֆրանս-ալժիրյան համատեղ արտադրության ֆիլմի համար, որը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում: Աշխատել է նաև հայկական հեռուստաալիքների հետ, «Էրեբունի-Երևան» տեսահոլավակի սցենարի հեղինակն է:

 

Նախարարն իր ուրախությունն ու հպարտությունն է հայտնել արվեստում նրա ունեցած հաջողությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված  «Չեմ մոռանա» երգի ստեղծման առթիվ, որի նկարահանումները իրականացվել են Հայաստանում և Ֆրանսիայում:

 

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է ֆրանսահայ երգիչ, գործիքավորող Եսայի Ալթունյանին