Բիթլիսում Սարոյանի անվան գրադարան ու թանգարան կբացվի
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատվին Բիթլիսում գրադարան է բացվելու: Գաղափարի հեղինակը լրագրող Ահմեթ Թուլգարն է, ով Բիթլիսի համաքաղաքապետ Հուսեյին Օլանի հետ հանդիպելով՝ հայտնել է իր նախաձեռնության մասին և տեղեկացել, որ քաղաքապետարանն այդ նախաձեռնությանը դրական է մոտենում, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Հիշեցնենք, որ Կոմիտաս ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանի նախաձեռնությամբ՝ Բիթլիսի քաղաքապետարանում քվեարկություն էր տեղի ունեցել և որոշվել էր այն փողոցը, ուր բնակվել է գրողի ընտանիքը, անվանակոչել նրա անունով։
«Համաքաղաքապետն ասաց, որ Բիթլիսում Սարոյանի ընտանիքին պատկանած մի տուն կա, որը վերանորոգելու են, և գրադարանի համար էլ այդ վայրը կառաջարկեն: Սակայն դրա համար նախ բյուջե է պետք: Մինչև դրա վերակառուցումը՝ մեզ ժամանակավոր այլ տեղ են տրամադրելու»,-ասել է նա:
Թուլգարը նշել է, որ Սարոյանի անվան գրադարանի ստեղծման համար սկսել են նվիրատվություններ հավաքել: Գրադարանում Սարոյանի գրքերից ու հայ հեղինակների ստեղծագործություններից բացի տեղ են գտնելու նաև այլ գրքեր:
«Տարբեր լեզուներով Սարոյանի գրքերը, Սարոյանի մասին գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ ենք ուզում գրադարանի համար: Թե՛ նրա, թե՛ նրա ընտանիքի մասին: Եթե գտնենք՝ Բիթլիսի հայերի մասին գրքերն ու փաստաթղթերն էլ կհարստացնեն մեր գրադարանը: Կցանկանայինք, որ Ցեղասպանությանն առնչվող հատուկ բաժին լիներ, որտեղ մարդիկ կիմանային, թե Բիթլիսում դրա շրջակայքում ինչեր են տեղի ունեցել»,-ասել է լրագրողը:
Նա կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին Սարոյանի անվան գրադարանի բացումը։
Հուսեյին Օլանն իր հերթին կարևորել է նման գրադարանի բացումը: Նա նաև նշել է, որ վերանորոգվում է այն տունը, որտեղ Սարոյանի ընտանիքն է ապրել, և մտադիր են այն թանգարանի վերածել:










