Արքայազն Չարլզը գաղտնի նամակագրություն է ունեցել դերասանուհի Էմմա Թոմփսոնի հետ
Արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզը 1990-ականների սկզբին հասկացան, որ իրենց միությունը սխալմունք է եղել։ Թեև նրանք ամուսնացած էին, նրանց սրտերը պատկանում էին այլ մարդկանց՝ Դիանան սիրահարված էր Դոդի ալ- Ֆայեդին, այն դեպքում, երբ Չարլզը չէր կարողանում մոռանալ Կամիլա Պարկեր Բոուլզին, գրում է segodnya.ua-ն։
1996-ին թագավորական զույգը որոշում է ամուսնալուծվել։ Շնորհիվ բրիտանացիների շրջանում իր հեղինակության՝ Դիանան բավական շատ աջակցության խոսքեր է ստանում, իսկ արքայազնը չէր կարող նման համընդհանուր սիրով հպարտանալ։ Սակայն հայտնիների շրջանում, այնուամենայնիվ, կար մեկը, ով Չարլզի կողքին էր։ Դերասանուհի Էմմա Թոմփսոնը միապետին գրում էր նամակներ, որոնք պետք է նրան ոգևորեին։
Արքայազնի մասին «Չարլզ. Թագավորի սիրտը» կենսագրական գրքում ասվում է, որ Թոմփսոնը գահաժառանգին գրել է թատրոնում տեղի ունեցող խարդախությունների մասին։ «Ես նրան գրում էի կարճ գրառումներ և փոխանցում նրա մերձավորների միջոցով և ասում՝ «Չէ՞իք փոխանցի այս նամակը նրան, քանի որ նա շատ հուսահատված է քայլում»»,- ասել է դերասանուհին գրքի հեղինակ Քեթրին Մայերին։
Գրքում շոշափվում են նաև արքայազնի կյանքի այլ կարևոր ոլորտներ, այդ թվում՝ դժվար հարաբերությունները ծնողների հետ, ովքեր միշտ եղել են «իրենց որդու խիստ քննադատները»։ Սակայն Ուելսի արքայազնը վստահեցնում է, որ այն ամենը, ինչ ասվում է գրքում, ոչ մի կապ չունի իրականության հետ, այդ պատճառով էլ չի հաստատվել թագավորական ընտանիքի կողմից։










