Ժ. Դադասյանը հոգնել է Երևանի մնջախաղի թատրոնի շենքից խոսելուց, բայց խոսելու է այնքան, մինչև հարցը լուծվի

22:07 • 14.02.15


Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը այնքան է խոսելու ու պայքարելու թատրոնի` սեփական շենք ունենալու համար, մինչև որ այդ հարցը լուծվի:
Tert.am  -ի հետ զրույցում Ժիրայր Դադասյանը նշեց. «Ես եկա այն եզրակացության, որ ուղղակի խնդիրն այն է, որ մարդիկ չեն հասկանում, գիտակցում այս ժանրի կարևորությունը, որը մեր ազգային թատերական տեսակներից մեկն է, եթե ոչ՝ միակը»:

 


Հիշեցնենք, որ Մնջախաղի թատրոնը գոյության օրից` արդեն 41 տարի շարունակ, սեփական   շենք չի ունեցել և մշտապես  հանդես է եկել «օտար բեմերում», ավելի կոնկրետ՝ վարձակալել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը:
Ժիրայր Դադասյանը նշեց, որ ինչ-որ տարածքներ առաջարկվել են իրենց, բայց դրանք եղել են ո'չ թե  անհարմար, այլ` անհավանական վայրերում:

 


«Դե` օրինակ՝ «Գայանե» ունիվերմագի դիմացի շենքի  ինչ-որ տարածքում եթե պատկերացնում են Մնջախաղի թատրոն, ապա առաջարկել են: Բայց ես պատկերացնում եմ կենտրոնում,  պատկերացնում եմ Հյուսիսային պողոտայում, նման թատրոնը միայն այդտեղ պետք է լինի կամ այդ կարգի վայրում, նա չի կարող Չարբախում լինել, չէ՞»,-ավելացրեց  Ժիրայր Դադասյանը:

 


Նրա տեղեկացմամբ`  քաղաքաշինության նախարարը Նարեկ Սարգսյանի աջակցությամբ հարցը ուր որ է`  պետք է լուծվեր Հյուսիսային պողոտայում գտնվող տարածքում,  անգամ նախագիծն է պատրաստ եղել, սակայն խնդիրներ են ի հայտ եկել` բնակիչների ու խանութների հետ կապված:
«Մեկի պատուհանը պետք է փակվեր, մյուսի տարածքը ինչ-որ բան պետք է լիներ… ինչ-որ տարբերակներ անընդհատ  ծնվում են, բայց չեն ստացվում տարբեր պատճառներով»,-ավելացրեց Ժիրայր Դադասյանը:

Ժ. Դադասյանը հոգնել է Երևանի մնջախաղի թատրոնի շենքից խոսելուց, բայց խոսելու է այնքան, մինչև հարցը լուծվի