Ֆրանսիայի հանդեպ ծնողներիս տածած սերն ամեն ինչ փոխեց. Շառլ Ազնավուր
Իննսունամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հեռու է թոշակի անցնելու մտքից, Մուղյե բնակավայրում գտնվող իր տանը նա լի է նախագծերով և ցանկություններով: Այնտեղ է, որ նա ցանկացել է ներգրավվել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին՝ մի շարք ռադիոհաղորդումներով և վավերագրական ֆիլմով:
«Ազնավուր պատմություն- 2015» անվանումով հաղորդումը փետրվար ամսին կհեռարձակվի ֆրանս-հայկական ռադիոկայաններով, ինչպես նաև՝ Մարսելի JM հրեական ռադիոյով: Իսկ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմը կցուցադրվի ապրիլի 25-ին Մարսելում Ֆրանս-ամերիկյան գրքի փառատոնի ժամանակ, գրում է laprovence.com-ը:
Les Arméniens de Provence ամսագրին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է laprovence.com կայքում, Ազնավուրը պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը Ֆրանսիա հասել 1923 թվականին: Նա պատմել է, որ իր ընտանիքն իսկզբանե պատրաստվում էր այնուհետ Ամերիկա ուղևորվել, սակայն երբ երկու տարի անց նրանք ստացել են Ամերիկա մեկնելու թույլտվություն, արդեն այնքան կապված են եղել երկրին, որ չեն ցանկացել հեռանալ Ֆրանսիայից: «Ֆրանսիայի հանդեպ ծնողներիս տածած սերն ամեն ինչ փոխեց»,- ասել է Ազնավուրը:
Շանսոնյեն պատմել է, որ իր հայրը սկսել է գումար վաստակել ներգաղթյալների համար երգելով: Նա երգել է ռուսերեն, հայերեն, ինչպես նաև՝ իդիշերեն: Այնուհետև գումար վաստակելուց հետո նա կարողացել է գնել իր ռեստորանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իր ընտանիքում պահպանվել են հայրենիքի ավանդույթները՝ Ազնավուրը նշել է, որ իր ծնողներն առանձնապես երեխաներին չեն մղել դեպի հայկական ավանդույթները, սակայն չեն էլ խանգարել:
Հարցին, թե արդյոք ինչու է այդքան ուշ՝ միայն 1963 թվականին Ազնավուրը կապվել Հայաստանի հետ, նա ասել է. «Ես Հայաստանն ավելի լավ ճանաչեցի, երբ երկրում խնդիրներ կային, և այդ պահին ես արթնացա, ես ասացի. «Ես հնարավորություններ ունեմ, և պետք է փորձեմ ինչ-որ բան անել իմ ծագման երկրի համար»: Ես ցնցվեցի, երբ 1963 թվականին տեսա Հայաստանը: Մարդիկ ինձ ասում էին՝ վերադարձիր տուն, ես պատասխանում էի՝ իմ երկիրը Ֆրանսիան է: Նրանք ավելի ուշ սովորեցին դրան, բայց սկզբում նրանց փոքր- ինչ հոգնել էին իմ պատասխաններից»:










