Հարցազրույց «Արարատի հուշը» գրքի հեղինակ, իսպանացի գրող Խավիեր Մորետի հետ
Լրագրող և ճամփորդական գրականության ասպարեզում մասնագիտացած գրող Խավիեր Մորետը ներկայացրել է իր վերջին աշխատությունը` «Արարատի հուշը» գիրքը, որում պատմում է Հայաստան կատարած ճամփորդության մասին, որը համընկել է 1915-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հեղինակը պատմում է երկար ուղևորության մասին, որի ընթացքում ուսումնասիրել է Արարատի սիրով ապրող երկրի մշակույթը:
«Սա ճամփորդություն է ցավոտ վերքի միջով, որը դեռ ողջ է, 1915-ի Ցեղասպանության վերքի, որն ավարտվեց Թուրքիայի տարածքում բնակվող մեկուկես միլիոն հայի մահվամբ: Հայաստանի քաղաքացիների երկու երրորդ մասը այդ կոտորածի զոհերի ժառանգներն են, կոտորած, որը շատ վառ է բոլորի հուշերում` լի կարոտի, հպարտության ու ցավի զգացումներով»:
Ինչպես գրում է Periodista Digital պարբերականը` հարցազրույցի ընթացքում գրողը մի շարք կարևոր կետեր է առանձնացրել.
«Հայերի համար Նոյան տապանից էլ ավելի մեծ խորհուրդ ունի Արարատ լեռը, որն այսօր գտնվում է Թուքրիայի տարածքում: Արարատը հայերի համար հավերժության, հարատևման խորհրդանիշն է, որը հիշեցնում է, որ նախկինում այն մեծ պետություն է եղել:
1915-ի Հայոց ցեղասպանությունը ներկա է: Հայաստան մեկնելիս ցանկանում էի գիրք գրել, որը կպատմեր երկրի մասին, բայց չէի մտածում, որ ցեղասպանությունն այդքան կարևոր դեր կխաղար: Լրանում է 100-րդ տարին, և ես չէի կարող պատմել Հայաստանի մասին` առանց Ցեղասպանությունից խոսելու:
Ամենահետաքրքիրը Ցեղասպանությունը վերավրած 103-ամյա տղամարդուն հանդիպելն էր: Ոգևորվեցի՝ տեսնելով 103-ամյա պապիկին, ով ողջ կյանքում կրելով Ցեղասպանության ամբողջ սարսափը՝ նայում էր իր թոռներին այնպիսի մի հայացքով, որն ասում էր՝ Հայաստանը կախված է նաև ձեզնից»:











