Մեր ազգի մեջ գրքի հանդեպ պաշտամունքը գենետիկորեն կա. փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է

19:44 • 18.02.15

ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախկին նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ 2008 թվականից Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:

 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ գրախանութները լեփ-լեցուն են  հաճախորդներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին գրախանութների ներկայացուցիչները:

 

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Շուշան Արզաքանյանն ասաց, որ արդեն մեկ շաբաթ է՝ նկատվում է հաճախորդների ակտիվացում, որոնք գրախանութ մտնելիս ընդգծում են, որ նվիրելու համար են գիրք ուզում:


«Քանի որ մեր աշխատակիցները նաև վաճառող-խորհրդատուներ են, նրանցից հաճախ հարցնում են, թե ինչ կարելի է նվիրել»,-ասաց տնօրենը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր տարի թափ է առնում գիրք նվիրելու սովորությունը և՛ քանակական, և՛ որակական իմաստով:

 

«Մեր ազգի մեջ գրքի հանդեպ պաշտամունքը գենետիկորեն կա: Յուրաքանչյուր ընտանիք, անկախ իր սոցիալական վիճակից, գրքի հանդեպ յուրահատուկ պաշտամունք ունի: Դա էլ է մեր ազգի նկարագիրը»,-ասաց Շուշան Արզաքանյանը:


Նա նշեց նաև, որ գիրք նվիրելու օրվա հետ կապված՝ գրախանութը անակնկալ ակցիաներ ունի հաճախորդների համար՝ նվերներ, զեղչեր:

 

«Բուկինիստ» գրախանութի մենեջերը նշեց, որ վերջին տարիներին զգացվում է գիրք նվիրելու օրվա հետ կապված ակտիվությունը. «Ե՛վ փետրվարի 19-ին, և՛ նախօրեին հերթեր են գրախանութում»,-ասաց մենեջերը՝ հավելելով, թե առավել վաճառվող գրքերից են Թումանյանի հեքիաթները, Գաբրիել Գարիսա Մարկեսի «100 տարվա մենությունը», «Սերը ժանտախտի օրերին»:



 

Մեր ազգի մեջ գրքի հանդեպ պաշտամունքը գենետիկորեն կա. փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է