«Ռուս նախագահի գաղտնիքները». Գերմանիայում Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրվել
Գերմանական ZDF հեռուստաընկերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրել՝ «Պուտին. Մարդու դիմանկարը»։ Որպես ֆիլմի ենթավերնագիր ռեժիսոր Միխայել Ռենցն ընտրել է «Ռուս նախագահի գաղտնիքները» վերնագիրը, գրում է Deutsche Welle-ն։
Ինչպես նշել է ռեժիսորը՝ ֆիլմի հեղինակները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, որը շատերին է հետաքրքրում. ո՞վ է իրականում այդ մարդը՝ Վլադիմիր Պուտինը, ով 2000-ից կանգնած է Ռուսաստանի իշխանությունում։
«Եվ դա մենք փորձում ենք լուսաբանել դասական կենսագրության տեսքով, սակայն որպես փսիխոգրամա, որն առանձնացնում է Պուտինի կյանքի բեկումնային պահերը»,- ասել է Ռենցը։
Հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների գաղտնի տվյալներին՝ ֆիլմի հեղինակները պատմում են, որ Պուտինը Դրեզդենում ծառայելու ընթացքում սեր է ունեցել ալկոհոլի և երեկույթների հանդեպ, տարվել է կանանցով և հաճախ ծեծել կնոջը։
Սակայն, ինչպես վստահեցնում է Der Tagesspiegel թերթը, ֆիլմում չկա ոչինչ, ինչը կարող է խախտել ռուս առաջնորդի ձևավորված կերպարը, իսկ շատ բան, ինչ հեղինակներն անվանում են «էքսկլյուզիվ», նախկինում հրապարակվել է ԶԼՄ-ներում։










