Ամենայն հայոց բանաստեղծ, որբերի հայրիկ ու թամադա. այսօր Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է

14:31 • 19.02.15

Թումանյանը թեև որպես գրող արժևորված է, սակայն որպես անհատ, որպես ազգային գործիչ` գրեթե չի հասկացված:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում այն նշվում է որպես գիրք նվիրելու օր:


«Ընդհանրապես Թումանյանին ամբողջության մեջ պետք է նայել և չառանձնացնել նրան` որպես` գրող, հասարակական գործիչ, հայրիկ, ընկեր: Երբ դու իրեն քառատում ես տարբեր ոլորտների, դու նրան  փոքրացնում ես, իսկ երբ ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ այդ մարդը բացառիկ և չգերազանցված երևույթ է մեր իրականության համար: Իր յուրահատկությունն իր ամբողջականության մեջ է»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան պետք չէ նրան կուռք դարձնել, քանի որ դա խանգարում է նրան ճանաչել և արգելված է  Ավետարանով:


Նա նշեց, որ այն, ինչ ստանդարտ գիտելիքից դուրս է,  կարող ես ծանոթանալ թանգարանում: Նկատեց նաև, որ թեև խորհրդային տարիներին շատ լավ գրականագետներ են եղել, սակայն նրանք տոտալիտար ժամանակաշրջանում են գործել և շատ բան չեն կարողացել բացեիբաց  ներկայացնել, իսկ հիմա ճիշտ ժամանակն է` ազատ պետության մեջ ազատորեն խոսել Թումանյանի մասին` առավելապես նրա ազգային գործի, ռազմական ոլորտի հմտությունների  մասին:


Նարինե Թուխիկյանն անդրադարձավ Հովհաննես Թումանյանի 1915 թվականի գործունեությանը և նշեց. «Թումանյանն առաջինն էր, որ 1919 թվականի Բաքվի կոտորածների ժամանակ միտինգ արեց Թիֆլիսում և  ասաց, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և այն երբևէ  թաթարական չի եղել և չի էլ լինի»: 


Նա նաև հայտնեց, որ Թումանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ մեծ գործունեություն է ծավալել, պայքարել է ցարական Ռուսաստանի դեմ: «Նա դեռ պատանեկան տարիներին գաղտնի հավաքների մասնակից էր և իր նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը իր ընկերների հետ և դարձնել միասնական Հայաստան: Նա կռվող և խիզախ մարդ էր` ինչպես իր նախնիներն են եղել»,-ասաց նա:


Նարինե Թուխիկյանը ներկայացնելով մեծ բանաստեղծին ասաց, որ Թումանյանը երեք կեղծանուն ուներ. առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: «Հետո` Ցեղասպանութան ժամանակ ստացավ ևս երկու տիտղոս`  մեկը Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում  բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ երրորդ` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց  կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն  ասաց` իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ»,- ասաց նա:
 

Ամենայն հայոց բանաստեղծ, որբերի հայրիկ ու թամադա. այսօր Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է