Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է հավակնում մոտ 200 հեղինակ
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի 2015թ. ցուցակում ներառված է մոտ 200 գրող, պոետ և դրամատուրգ։ Նրանցից 36-ն առաջադրվել են առաջին անգամ, նշվում է Շվեդական ակադեմիայի հաղորդագրությունում։
Տեղեկությունն իր բլոգում հրապարակել է ակադեմիայի մշտական քարտուղար Փիթեր Էնգլունդը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Ընդհանուր առմամբ, ստացվել է 259 առաջարկ, սակայն որոշ գրողներ, Էնգլունդի խոսքով, բազմիցս են առաջարկվել, այդ պատճառով էլ ընդհանուր թիվը կրճատվել է մինչև 198։ Նրանցից մեկն էլ կդառնա 2015թ. հաղթող։
Թեկնածուների ընդհանուր ցուցակից ակադեմիան նախ ընտրում է 20-25 հեղինակ։ Մայիսի վերջին կազմվում է կարճ ցուցակը՝ բաղկացած 5 մարդուց։ Իսկ հոկտեմբերին հայտարարվում է մրցանակակիրը։
Փիթեր Էնգլունդը կոչ է արել չհրապարակել թեկնածուների անունները. դա դեմ է ակադեմիայի կանոններին։ Սակայն հայտնի է, որ թեկնածուների թվում կան հեղինակներ, ովքեր գրում են գերմաներեն, ռուսերեն և ուկրաիներեն։










