Պոլանսկու փաստաբանները խնդրում են ԱՄՆ նրա արտահանձնման նիստն անցկացնել փակ ռեժիմով

16:47 • 20.02.15

Հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու փաստաբանները խնդրում են դատական նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով: Այդ մասին ուրբաթ հայտնել են պաշտպաններ Յան Օլշևսկին և Եժի Ստախովիչը, գրում է ТАСС-ը:

 

Ռեժիսորը պետք է Կրակովում փետրվարի 25-ին կանգնի դատարանի առաջ՝ ԱՄՆ արտահանձնման մասին գործով։

 

«Դիմումը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը և պայմանավորված է հանգամանքներով, որոնց վերաբերում է գործը»,- նշել է Օլշևսկին: Նա բացատրել է, որ «կան մի շարք գործոններ և տարբեր տեսակի հարցեր, որոնց վրա մենք կհրավիրենք դատարանի ուշադրությունը»: «Բայց մենք դա կանենք դատարանի դահլիճում, և չենք ցանկանում հրապարակայնություն»,- ընդգծել է փաստաբանը:

 

Պոլանսկու ԱՄՆ արտահանձնման մասին գործն ուղարկվել է լեհական դատարան՝ ԱՄՆ-ից ստացված դիմումի հիման վրա:

 

Կրակովի դատախազությունից նշել են, որ «արտահանձնման մասին համաձայնությունը հնարավորություն է ընձեռում ամերիկյան կողմին հանձնել Լեհաստանի քաղաքացու»: «Չնայած նրան, որ Ռոման Պոլանսկու հանցագործության վաղեմության ժամկետն անցել է, համաձայն լեհական օրենքների՝ ամերիկյան իշխանությունները կարող են պահանջել նրա արտահանձնումը»,- ընդգծել է դատախազությունը:

 

Պոլանսկու քրեական հետապնդումը շարունակվում է 1977 թվականից: Ամերիկյան արդարադատությունը մեղադրում է ռեժիսորին անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:

Պոլանսկու փաստաբանները խնդրում են ԱՄՆ նրա արտահանձնման նիստն անցկացնել փակ ռեժիմով