Լոս Անջելեսում «Ոսկե մորի» կշնորհեն տարվա վատագույն կինոաշխատանքների համար
Լոս Անջելեսում տեղի կունենա «Ոսկե մորի» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կորոշեն 2014-ի վատագույն կինոնախագծերը: РИА Новости-ի փոխանցմամբ` հակամրցանակի 35-րդ արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը` տարվա ամենահեղինակավոր կինոմրցանակի` «Օսկարի» հանձնման նախօրեին:
«Տարվա վատագույն ֆիլմ» կոչման հավակնորդների թվում ներկայացվել են «Տրանսֆորմերներ 4. ոչնչացման դարաշրջան» (Transformers: Age Of Extinction), «Նինձյա կրիաները» (Teenage Mutant Ninja Turtles), «Հերկուլես. լեգենդի սկիզբը» (The legend of hercules 2014), «Փրկել Սուրբ ծնունդը» (Kirk Cameron's Saving Christmas) և «Լքվածները» (Left Behind):
Վատագույն ռեժիսորի կոչման համար «կպայքարեն» առաջին 4 ֆիլմի ստեղծողներ Մայքլ Բեյը, Ջոնաթան Լիբեսմանը, Ռենի Հարլինը և Դարեն Դոանը, ինչպես նաև` «Գլուխը կորցնելու միլիոն եղանակ» ֆիլմի ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը:
Վատագույն դերասանուհի անվանակարգում ներկայացվել են Շարլիզ Թերոնը («Գլուխը կորցնելու միլիոն եղանակ»), Քեմերոն Դիասը, Դրյու Բելիմորը, Գայա Ուեյսը և Մելիսա Մաքարտին:
Արարողությունը, ավանդաբար, տեղի է ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ` Հոլիվուդում:










