Ովքեր «Օսկար» կստանան այս տարի. բուքմեյքերների և մամուլի կանխատեսումը

20:58 • 22.02.15

«Ռոսիյսկայա գազետա»-ն՝ Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխությունից ժամեր առաջ ի մի է բերել կանխատեսումներ, թե որ ֆիլմերն ու կինոգործիչները այս տարի, ըստ ամենայնի, կարժանանան բաղձալի արձանիկին:

Ըստ բուքմեյքերների և մամուլի կանխատեսումների՝ առաջադրված ութ հիմնական ֆիլմերից և ոչ մեկը առանց կինոպարգևի չի մնա՝ այս կամ այն անվանակարգում: Լավագույն ֆիլմի գլխավոր մրցանակը, ինչպես նաև Լավագույն ռեժիսորի և Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակը, ըստ կանխատեսումների, կստանա «Բըրդմենը»:

Լավագույն դերասան անվանակարգում հաղթելու ամենամեծ շանսերն ունի Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոուքինգի տիեզերքը» ֆիլմում իր դերակատարման համար: Հետաքրքրական է, որ երկար ժամանակ ֆավորիտ համարված Բենեդիկտ Քամբերբեթչը վերջին ամսում երկրորդ պլան է մղվել՝ «Իմիտացիոն խաղում» իր դերակատարումամբ:

Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթանակի ամենամեծ հնարավորությունը Ջոնաթան Քիմբլ Սիմոնսինն է՝ «Մոլեգնություն» ֆիլմում իր դերակատարման համար:

Լավագույն դերասանուհի անվանակարգում ֆավորիտ է համարվում Ջուլիան Մուրը՝ «Դեռևս Էլիսը» ֆիլմում իր դերակատարման համար:

Կանխատեսումների համաձայն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակը բաժին կընկնի Պատրիսիա Արկետին «Պատանեկություն» ֆիլմում իր դերակատարման համար:

Քլինթ Իսթվուդի «Ամերիկացի դիպուկահարը», ըստ կանխատեսումների, կհաղթի միայն «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում: Մինչ այժմ միայն ԱՄՆ-ում ֆիլմը 300 մլն ԱՄՆ դոլարի հասույթ է ունեցել:

Լավագույն սցենար անվանակարգում ամենահավանական թեկնածու է համարվում «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմը:

Որևէ էական հաղթանակ չի կանխատեսվում «Սելմա» սոցիալական դրամայի համար:

Օսկարի մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Երևանի ժամանակով 4:50-ից:

Ովքեր «Օսկար» կստանան այս տարի. բուքմեյքերների և մամուլի կանխատեսումը