Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում

10:27 • 23.02.15

Երգչուհի Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Արցախում և Հայաստանում: Ռուսական հեղինակավոր «Голос» նախագծի մասնակիցը բարձրարվեստ կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի իր երկրպագուներին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչներից «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը տեղեկացրել է, որ Մերաբովան ապրիլի 1-ին բարեգործական համերգով հանդես կգա Ստեփանակերտում, ապրիլի 5-ին՝ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ «Մեցցո» ակումբում:


Երգչուհու հետ հանդես կգա նաև «Միրայֆ» ջազ-բենդը, որի գեղարվեստական ղեկավարը նրա ամուսին Արմեն Մերաբովն է: Համերգների կազմակերպմանը մասնակցում են նաև «Yerevan event»-ը և «Արմենիա» հեռուստաընկերությունը:


«Բարձրակարգ ջազային երաժշտություն լսող հանդիսատեսը կդիտի շատ հագեցած և հետաքրքիր համերգային շոու: Կհնչեն թե՛ հայտնի, թե՛ նոր ստեղծագործություններ: Մարիամը համերգի հանդիսատեսի համար պատրաստել է անակնկալ՝ նրա համերգային ծրագրում առաջին անգամ կհնչեն հայերեն երգեր»,- տեղեկացրել է Էմիլ Կարատը:


Մերաբովան հանդես կգա նաև վարպետության դասով, որին կկարողանան մասնակցել երաժշտական կառույցների աշակերտներն ու ուսանողները:


«Երևանում իմ ամեն մի համերգի ես սպասում եմ անհասկանալի հուզմունքով: Լեգենդար բեմին կանգնելն իսկական երջանկություն է, մի դահլիճում, որտեղ անցել է իմ մանկությունը: Հայաստանի հետ հանդիպումը միշտ յուրահատուկ իրադարձություն է իմ և ամուսնուս՝ Արմեն Մերաբովի համար: Իմ մանկության քաղաքում լինելն ինձ ոչ միայն ուղղակի վերադարձնում է իմ կյանքի սկիզբ, այլև իմ ժողովրդի արմատներին: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը»,- համերգների մասին ասել է Մարիամ Մերաբովան:


Երգչուհին արդեն հանդես է եկել Հայաստանում` 2013 թվականի Երևանյան երաժշտական շաբաթի շրջանակում:

Մարիամ Մերաբովան համերգներով հանդես կգա Ստեփանակերտում և Երևանում