Զորավար Անդրանիկի թանգարանը պատրաստվում է նրա 150-ամյակին
Փետրվարի 25-ին լրանում է Զորավար Անդրանիկի 150-ամյակը: Այդ առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թանգարանի հիմնադիր տնօրեն Իլյիչ Բեգլարյանն ասաց, որ թանգարանում կազմակերպվելու է միջոցառում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
«Միջոցառմանը հիմնականում ներկա են լինում 1000-ից ավել երեխաներ, ընդհանրապես մեր այցելուների մեծ մասը երեխաներ են՝ տարեկան 15-20 հազ. և ոգևորված դուրս են գալիս: Իսկ Անդրանիկի նպատակը հենց դա էր, որ ապացուցի՝ ուժը քանակի մեջ չէ, այլ միասնության»,-ասաց նա:
Իլյիչ Բեգլարյանը նշեց, որ Անդրանիկի թանգարանը Հայաստանում միակն է, որ անվճար է և պետությունից որևէ չափով չի ֆինանսավորում: Հարցին, թե այդ դեպքում ինչ միջոցներով է իր գոյությունը պահպանում, նա պատասխանեց. «Հենց այդ է, որ միայն գոյություն ենք պահպանում: Շատ դժվար է, որովհետև մեծ շենք է, ու դա ես իմ սուղ միջոցներով եմ անում»:
Թանգարանի տնօրենը նշեց, որ թանգարանում ներկայացված շուրջ 3000 ցուցանմուշներից ավելի քան 100-ն են պատկանում Զորավարին, մյուսները տարբեր ֆիդայիններինն են:
«1995թ-ին ես մեկնեցի Ֆրեզնո, իսկ այնուհետև Վառնա և որքան ցուցանմուշ կար, մասունքներ կային, ամբողջը բերեցի ու Անդրանիկի ցուցասրահը ընդլայնվեց: Վերջին իրը, որ Անդրանիկից ստացել ենք, նրա ծխամորճն է, որ ուղարկել են նրա թոռները: Այն պահպանվել է այն բժշկի մոտ, որի մոտ Անդրանիկը բուժվել է»,- ասաց նա:
Վերջում թանգարանի տնօրենը հիշեցրեց Անդրանիկի հայտնի խոսքերը, որոնք ըստ նրա, արդիական են նաև այսօր. «Քնելուց առաջ, երբ գլուխդ բարձին ես դնում, մի քիչ մտածիր քո ազգի մասին»:










