Գյումրու դրամատիկական թատրոնն «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխությանը կներկայացնի 2 ներկայացում

11:33 • 23.02.15

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս տարի «ԱՐՏԱՎԱԶԴ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը կներկայացնի երկու ներկայացում՝ Վինա Դելմարի  (Ալվինա Քրոթեր) «Հիշիր վաղվա օրը» մելոդրաման՝ բեմադրությունը Ռաֆայել Գրիգորյանի և Յուոզաս Գրուշասի «Սեր, ջազ, սատանա» հոգեբանական դրաման` Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ:


Եթե առաջինը թատրոնի խաղացանկում նորույթ է, ապա «Սեր, ջազ, սատանա»-ն արդեն հինգերորդ անգամ է լեցուն դահլիճ հավաքում, ունի իր հանդիսատեսը, ինչի գրավականը անկեղծությունն ու զգացմունքային դաշտի պոռթկուն իրավիճակներն են:


«Տարիներ առաջ թատրոնն իր խաղացանկում ունեցել էր այս ներկայացումը, բայց երբ ինձ առաջարկվեց անդրադառնալ Յուոզաս Գրուշասի այս գործին, ես համաձայնեցի միայն մի պայմանով՝ պիեսն արդեն թելադրում  է նոր բեմադրություն ու դերասանական կազմ, նոր մոտեցում ու նոր ասելիք»,– «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։


«Այս խնդիրների մասին մեր դարում խոսելիս պետք է ավելի ազատ, դիպուկ ու անկեղծ  լինել: Ի դեպ, այդ անկեղծությունն  ու անմիջականությունը պահելու համար օգտագործված է ժարգոնային լեզուն, թեև որոշակի մտավախություն կար, որ գյումրեցի պահպանողական թատերասերը կարող է այն չընդունել, բայց, հուրախություն մեզ, ներկայացումը ոչ միայն ջերմ ընդունվեց, այլ նաև շարունակում է մեծ պահանջ ունենալ: Իսկ այն, որ այս դրաման արդիական է՝ այլ խոսք լինել չի կարող: Սա յուրահատուկ կոչ է բոլորին, ոչ միայն երիտասարդներին: Մեր մեջ պակասել է սերը, ջազը, որը ոգեշնչումն է, ըմբոստությունն  ու կռիվը, իսկ սատանան՝ մեր յուրաքանչյուրի մեջ կա, ինչը պետք է փորձենք գտնել եւ ուղղել»,– նշել է նա:


Բեմադրության ձևավորումը դարձյալ Լյուդվիգ Հարությունյանինն է, նկարչական ձևավորումն ու զգեստները` Անտոն Քեշիշյանինը: Գլխավոր դերերը մարմնավորել են Բաբկեն Զաքարյանը, Քրիստինե Զիրոյանը, Արսեն Միքայելյանը և Սարգիս Ղարիբյանը:

Գյումրու դրամատիկական թատրոնն «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակաբաշխությանը կներկայացնի 2 ներկայացում