Սնոուդենը շնորհավորել է իր մասին վավերագրական ֆիլմ նկարահանած ռեժիսորին «Օսկար» ստանալու առթիվ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհավորել է ռեժիսոր Լորա Պոյտրասին, ում ֆիլմը՝ «Քաղաքացի- 4», լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության հաղորդագրությանը։
«Երբ Լորա Պոյտրասը հարցրեց ինձ՝ կարո՞ղ է նկարահանել մեր հանդիպումները, ես կասկածում էի։ Եվ ես շնորհակալ եմ նրան, որ ինձ համոզեց։ Այդ հանդիպումների արդյունքը դարձավ այս համարձակ և հրաշալի ֆիլմը, որն արժանի է պատվի և ճանաչման և որը նա ստացավ։ Ես հույս ունեմ, որ այս մրցանակը կոգեշնչի ավելի շատ մարդկանց՝ դիտել այս ֆիլմը, և կոգեշնչի նրանց այն հարցում, որ շարքային քաղաքացիները, աշխատելով միասին, կարող են փոխել աշխարհը»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսօր ԱՄՆ-ում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ռեժիսորը, ընդունելով մրցանակը, շնորհակալություն է հայտնել Սնոուդենին՝ համարձակության համար։










