Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը պատրաստվում է Ցեղասպանության տարելիցին
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացնել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասել է, որ միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 24-ին:
«Առաջին միջոցառման ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համերգով հանդես կգա թանգարանի և Խաչատրյանի լավագույն բարեկամներից դաշնակահար Շահան Արծրունին, ով ժամանել է ԱՄՆ-ից: Նա պատրաստել է շատ հետաքրքիր ծրագիր՝ բաղկացած Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործություններից»,-նշել է նա:
Արմինե Գրիգորյանի խոսքով՝ տարվա ընթացքում անցկացվող մի շարք ավանդական միջոցառումներ նույնպես նվիրված կլինեն Ցեղասպանության տարելիցին:
«Խոշոր միջոցառում ենք նախատեսում անցկացնել աշնանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Էլիբեկյանի հետ: Նա պատրաստել է մի շարք, որը նվիրված է ցեղասպանությանը և կոչվում է «Կոմիտաս. Ցեղասպանություն»: Այդ շարքը կներկայացվի հենց մեր թանգարանում՝ իր իսկ ցանկությամբ: Պայմանավորվել ենք, որ հաջորդ տարի կրկին իր աշխատանքներով ցուցահանդես կազմակերպենք՝ խաչատրյանական թեմաներով»,-եզրափակել է թանգարանի տնօրենը:










