ԱՄՆ-ում մանկական գիրք է հրատարակվել Սբ Զատկի հայկական ավանդույթների մասին
Հարավային Կարոլինայում (ԱՄՆ) գործող Pomegranate Publishing հրատարակչությունը 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության կապակցությամբ նոր մանկական գիրք է ներկայացրել՝ Mariam’s Easter Parade անվանումով։ Այն ներկայացնում է հայկական մշակույթի ավանդույթները, գրում է pr.com-ը։
Գրքի հեղինակը Մարիաննա Մարկարյանն է, պատկերազարդումների հեղինակը՝ Մարգարեթ Մարկարյան Վասիլևսկին։ Գիրքը պատմում է փոքրիկ աղջկա մասին, ով, միգուցե, չափազանց փոքր է Զատկի նախապատրաստություններին օգնելու համար, սակայն բավականաչափ խելացի՝ սեփական ձևով տոնելու համար։
«Որքան կարևոր է ճանաչել և հիշել Ցեղասպանության զոհերին, նույնքան կարևոր է նշել հայկական մշակույթի ավանդույթները, որոնք շարունակում են գոյություն ունենալ սփյուռքում՝ նախկին ԽՍՀՄ-ից մինչև ԱՄՆ և Կանադա»,- նշել է հրատարակիչ Մարիաննա ՄքՔարթին։
Գրքում ներկայացված է, թե ինչպես են հայերը տոնում Սուրբ Զատիկը։ Նշված են նաև սոխի կեղևով ձուն ներկելու բաղադրատոմսեր և ձու «կռվեցնելու» խաղի կանոնները։










