Երանի նրան, ով գա և գնա Սամվել Մկրտչյանի պես. բացվեց թարգմանչին նվիրված հուշատախտակը
Այսօր բացվեց թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանին նվիրված հուշատախտակը՝ նրա շենքի մուտքի մոտ:
Բացման արարողությունից հետո բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը նշեց, որ Սամվել Մկրտչյանի թողած ժառանգությունն այնքան անանցողիկ, մեծ ու տարողունակ է` թե լեզվի տեսանկյունից, թե թարգմանչական սկզբունքների տեսակետից, որ կարելի է այդ հանդիսավոր պահին նրա բացակայության չնչին փաստն անտեսել:
«Մեր գրականության մեջ մեծ թռիչքները սկսվել են այն ժամանակ, երբ դրանց նախորդել են մեծ թարգմանական թռիչքները»,-ասաց նա:
Նա նշեց, որ եթե Սամվել Մկրտչյանը միայն Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանած լիներ, ապա դա բավական էր, որ նրա մասին խոսեին:
«Բացի այն, որ «Ուլիսեսը» շատ բարդ վեպ է, նրա ամեն մի գլուխը գրված է մի ոճով: Սամվելի թարգմանած 18 գլուխները ես համարում եմ 18 ստեղծագործություն»,-ասաց նա և նշեց, որ կորցրել ենք մեծ թարգմանիչներից մեկին:
Հակոբ Մովսեսը նշեց, որ Սամվել Մկրտչյանը շատ համեստ մարդ էր և բացի թարգմանությունից, նաև գրականությամբ էր զբաղվում:
«Եթե ծանոթ եք Սամվելի հրատարակած սակավաթիվ ստեղծագործություններին, անմիջապես կռահած կլինեք, որ շատ ինքնատիպ, տաղանդավոր, յուրօրինակ մտածողություն , աչք, խղճմտանք ունեցող գրող էր Սամվելը»,-ասաց նա և հույս հայտնեց, որ նրա չհրատարակված գործերը ընկերները կհրատարակեն:
«Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ գնալով ավելի ու ավելի է դժվար է խոսել Սամվել Մկրտչյանի մասին, որովհետև գնալով ավելի ու ավելի է ամրակայվում այն գիտակցությունը, որ Սամվել Մկրտչյանը, որպես թարգմանիչ, գրող ու հրապարակախոս, շատ մեծ դերակատարություն ունեցավ վերջին տարիներին թարգմանական դաշտում:
«Ցավոք պետք է նշեմ նաև, որ Սամվել Մկրտչյանը՝ որպես թարգմանիչ, գրող և հրապարակախոս, դեռ ինչպես հարկն է արժևորված, գնահատված չէ»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Սամվել Մկրտչյանը` «Ուլիսեսի» թարգմանությամբ մեր ժողովրդին դրել է աշխարհի բացառիկ ժողովուրդների շարքում, որովհետև միայն 20-22 ժողովուրդ է, որ ունեն թարգմանված Ուլիսես:
Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ ինքը կցանկանար, որ Սամվելի տեսակը շարունակական լինի, և դրա համար անհրաժեշտ է շարունակել իր գործը՝ նույն տքնաջանությամբ և համառությամբ սիրել հայոց լեզուն և թարգմանություններով նպաստել լեզվի զարգացմանը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր խոսքում ասաց, որ Սամվել Մկրտչյանը ի ծնե թարգմանիչ էր:
«Նա լեզվական այնպիսի մեծ վեր ու վարի էր տիրապետում, որ դրանք դարձնում էր քոնը»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որն Սամվել Մկրտչյանն իսկապես արվեստի, ազնվական տեսակը պահպանող մարդկանցից էր:
«Ուժն այն մարդկանց մեջ է, ովքեր մահից հետո ստիպում են՝ իրենց ջանքով, կամքով ստեղծած մտածողությամբ ապրեցնել մի ժողովրդի գրականություն, թարգմանական արվեստ, որ իսկապես արժանի է ապրելու, ստեղծելու: Սիրենք, հիշենք մեր Սամվելին: Հիշենք, թե չհիշենք, նա ապրելու է ժամանակների մեջ, և կեցցե իր արած գործը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում և մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, թարգմանել է բազմաթիվ գրքեր։










