Sony Pictures-ը նոր ղեկավար ունի
Թոմ Ռոթմանը դարձել է Sony Pictures կինոընկերության նոր ղեկավարը՝ այս պաշտոնում փոխարինելով Էմի Պասկալին։ Փոփոխությունները տեղի են ունեցել սկանդալային կիբերհարձակումից հետո, որի հետևանքով ընկերության աշխատակիցների մասին տվյալների և կինոնյութերի արտահոսք էր տեղի ունեցել, գրում է Интерфакс-ը։
Նոր ղեկավարի գլխավոր նպատակը պետք է լինի օգնել ընկերությանը վերականգնվել հաքերային հարձակումներից հետո։ Միջադեպի հետևանքով Sony-ն կորցրել էր տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ փաստաբանների ծառայությունների և կինոթատրոններից ոչ բավարար եկամտի պատճառով։
Ըստ հիմնական վարկածի՝ հարձակումը կազմակերպել էին հյուսիսկորեացի հաքերները՝ «Հարցազրույց» ֆիլմի պատճառով։










