Ինձ համար մեծ պատիվ է լինել «Genealogy» խմբի մի մասնիկը. Թամար Կապրելյան

10:37 • 25.02.15

Նուրբ և ինքնատիպ ձայն ունեցող երգչուհի Թամար Կապրելյանն իր կատարումներով կարողանում է հուզել, մտորելու տեղիք տալ, շեղել առօրյա հոգսերից: Ամերիկահայ երգչուհին իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսներով և ճանապարհներով՝ մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ դարձնելով: Թամար Կապրելյանի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում և ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը «Genealogy» խմբի կազմում ներկայացնող երգչուհին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:


-Թամար,այս տարի Դուք հայազգի 5 այլ տաղանդավոր երգիչների հետ  ներկայացնելու եք  Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթում: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար մրցույթը և «Genealogy» խմբի  անդամ լինելը:


-Իմ ընտանիքը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մեծ երկրպագու է:  Հորեղբայրս յուրաքանչյուր տարի դիտում է մրցույթը՝ բաց չթողնելով և ոչ մի կատարում:  Մեծանալով նման շրջապատում՝ այդ ամենը փոխանցվել է նաև ինձ.  ես ինքս էլ միշտ հետևել եմ «Եվրատեսիլ»-ին: «Աբբա» խումբը, որը ժամանակին հաղթել է «Եվրատեսիլ»-ում, ինձ վրա իսկապես մեծ ազդեցություն է ունեցել: Իսկ այս տարի «Եվրատեսիլ»-ն ինձ համար դարձել է հայրենիքի հետ կապ հաստատելու ևս մեկ միջոց, «Genealogy» խմբի անդամ լինելը կօգնի նաև ներկայացնելու հայերին: Ինձ համար մեծ պատիվ է լինել խմբի մի մասնիկը, ինչի համար ես ինձ շատ հաջողակ եմ համարում:


-Ի՞նչ սպասելիքներ կան մրցույթից: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգը:


-Մեծ սպասումներ չունեմ: Իմ միակ ցանկությունը, թերևս, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելն է: Իսկ երգն իսկապես լավն է: Երգի հեղինակը կարողացել է մեկ երգի մեջ ներառել 6 արտիստի յուրահատկություններն ու առանձնահատկությունները:

 

-Տեղյակ եմ, որ Ձեր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու  հիշատակին նախընտրել եք կրել նրա ազգանունը:


-Այո, իրավացի եք: Իմ ազգանունը Մարդիրոսյան է, իսկ մայրիկինը՝ Կապրելյան: Երբ մորական պապիկս մահացավ, ես ցանկացա ի հիշատակ նրան վերցնել նրա ազգանունը և օգտագործել որպես բեմական ազգանուն:


-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս սիրեցիք երաժշտությունը:


-Հայրս միշտ 60-70-ականների երաժշտություն էր լսում: Իմ ծնողներն ասում էին, որ ես նախ սկսել եմ երգել, ոչ թե խոսել: Դա կարծես ինձ համար շատ բնական էր, ինչպես ուրիշների համար խոսելը: Ես մտա երաժշտության ասպարեզ, երբ 15-16 տարեկան էի: Այդ ժամանակ սկսեցի նվագել  դաշնամուր, որը սովորեցի ինքս՝ լսողությամբ: Այնուհետև սկսեցի գրել իմ սեփական երգերը: Հիմա 28 տարեկան եմ, ինչը վկայում է, որ արդեն բավականին ժամանակ է ստեղծագործում եմ, գրում երգեր ու կատարում:


-17 տարեկանում սկսել եք դաշնամուր նվագել. հիշու՞մ եք, թե ինչպես առաջին  անգամ նստեցիք այդ գործիքի առջև:


-Ես շատ էի հուսահատվում, որ չէի կարողանում նվագել իմ երգերը, հենց այդ պատճառով էլ սկսեցի սովորել դաշնամուր նվագել: Առհասարակ, իմ սիրելի երգահանները նույնպես ստեղծագործում են դաշնամուրի օգնությամբ, օրինակ՝ Էլթոն Ջոնը: Ես ինձ հպարտ զգացի, որ կարող եմ  նվագել ու կատարել իմ երգերը միաժամանակ, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը նվագի այն ինձ համար: Երբ դու ինքդ նվագում ես, ավելի ես կապվում երաժշտության հետ: Այն ինձ շատ օգնեց:


-2008 թվականին հաղթեցիք  One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթում:  Ինչպե՞ս էիք տեղեկացել  մրցույթի մասին և ինչպե՞ս որոշեցիք  մասնակցել:  Մրցույթն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:


-Իրականում ես առանց որևէ սպասումների եմ մասնակցել մրցույթին: Չէի էլ մտածում հաղթանակի մասին: Այնուհետև նամակ ստացա, որտեղ ասվում էր իմ հաղթանակի մասին, որը շատ դռներ բացեց ինձ համար:  Ես իրենց օգնությամբ կարողացա ձայնասկավառակ թողարկել։


-Ձեր առաջին ձայներիզը թողարկել եք դեռևս 2010 թվականին, իսկ այս տարի  կթողարկեք ևս մեկը: Ի՞նչ սպասենք նոր ձայներիզից, ինչպե՞ս է կոչվում, ի՞նչ երգեր է այն ներառելու:


-Այն էապես կտարբերվի նախորդից: Իմ նոր ձայնասկավառակը կլինի օրգանիկ ոճում, ինչը նշանակում է, որ երգերը ձայնագրվում են մեկ փորձից՝ ինչպես կենդանի կատարումներ, ուստի շատ բնական են հնչում:


-Բացի «Եվրատեսիլ»-ից ի՞նչ այլ ծրագրեր, նախագծեր ունեք:


-Ես մտածում եմ, որ «Եվրատեսիլ»-ը և ձայնասկավառակը նոր հնարավորություններ կընձեռեն ինձ: Հուսով եմ՝ այս ամառ կսկսեմ աշխատել իմ նոր ալբոմի վրա:


«Եվրատեսիլ-2015»  երգի միջազգային մրցույթն  այս տարի  կանցկացվի Վիեննայում  մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝  «Կառուցելով կամուրջներ»  նշանաբանի ներքո:  Հավատարիմ մնալով մրցույթի այս  տարվա նշանաբանին,  ոգեշնչվելով  Հայոց  ցեղասպանության 100-ամյա  տարելիցի խորհրդանիշ անմոռուկի  գաղափարով,  ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ  սփյուռքահայերի  ցանկությամբ,  ովքեր միշտ  եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային  հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին  ներկայացնել  նոր ձևաչափ: Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին  աշխարհի  5 մայրցամաքներում  (Եվրոպա,  Ասիա, Ամերիկա,  Աֆրիկա,  Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են,ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:


Հատուկ մրցույթի համար ձևավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6  արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

 

Ինձ համար մեծ պատիվ է լինել «Genealogy» խմբի մի մասնիկը. Թամար Կապրելյան