Որևէ ազդակ չեմ ստացել, ուղղակի կրկնել եմ այն, ինչ ասել եմ 20 տարի. Ա. Սաթյանը օրհներգը փոխելու մասին

11:59 • 26.02.15

Հայաստանի պետական օրհներգը՝ «Մեր հայրենիքը», փոխելու առաջարկ արած Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Կառավարությունից, իշխանություններից որևէ ազդակ չի ստացել: Պարզապես կրկնել է այն, ինչ ասում է վերջին 20 տարիներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սաթյանը:


«Չէ, ես ասել եմ այն, ինչ ասում եմ արդեն 20 տարի, ինչ ասում են կոմպոզիտորները»,- ասաց Արամ Սաթյանը:


Հիշեցնենք, որ նա առաջարկել էր «Մեր հայրենիք»-ը փոխարինել Գաբրիել Երանյանի՝ 1812 թ. ստեղծագործությամբ՝ «Հայաստան» երգով, որն առավել հայտնի է Կոմիտասի մեկնաբանությամբ և Լուսինե Զաքարյանի կատարմամբ:


Հարցին,  թե ինչը  դուր չի գալիս «Մեր հայրենիք»-ում, Արամ Սաթյանը հարցով պատասխանեց՝ «Ձեզ դո՞ւր է գալիս» և լսելով պատասխան, որ արդեն սովորել ենք, նկատեց. «Ռաբիսին էլ են սովորում, վատ ճաշակին,  ամեն ինչին…վատ ապրելուն»:


Tert.am-ը զրուցեց նաև Դանիել Երաժիշտի հետ, ով   համակարծիք է գործընկերոջ հետ օրհներգի հարցում, իսկ որպես այլընտրանք տեսնում է Արամ Խաչատրյանի Սովետական Հայաստանի օրհներգի համար գրված երաժշտությունը՝ նոր բառերով:


«Բայց տեքստի փոփոխություն, արդիականացում պետք է լինի, իսկ հիմնի մեղեդին փառահեղ է»,- ասաց Դանիել Երաժիշտը, ով մի քիչ տխուր և «թառամած» է համարում ՀՀ գործող օրհներգը:
 

Որևէ ազդակ չեմ ստացել, ուղղակի կրկնել եմ այն, ինչ ասել եմ 20 տարի. Ա. Սաթյանը օրհներգը փոխելու մասին