Թվում է, թե միջոցառումները շատ-շատ են, բայց որակը ցածր է. Ազգային պատկերասրահի տնօրեն

16:50 • 26.02.15

Մոսկվայի տանն իրականացվող «Дорога к себе» խորագիրը կրող ստեղծագործական երեկոների շարքի հյուրն այս անգամ ժողովրդական նկարիչ, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էր:


Ինչպես ավանդաբար լինում է, հյուրը խոսեց իր անցած ճանապարհի մասին, ապա պատասխանեց ներկաների հարցերին:


Tert.am-ի հետ զրույցում Փարավոն Միրզոյանն ասաց, թե շատ կարևոր է, որ երիտասարդությունը շփվի, խոսի մշակույթի գործիչների հետ, մարդկանց հետ, որոնք կյանքի փորձ են անցել, մարդիկ, որոնք կարող են որևէ խորհուրդ տալ, և միաժամանակ անհրաժեշտ է, որ այդ մարդկանց հանրապետությունում ավելի լավ ճանաչեն:


«Այսպիսի հանդիպումներն ավելի շատ ժողովրդի համար են պետք, քան այն մարդկանց, որոնց մարդիկ վաղուց ճանաչում են,-ասաց նկարիչը,-հաճախ մեր հանրապետությունում շատ բաներ մի քիչ անհասկանալի են կատարվում, այն, ինչը որ արժեք ունի, տեսնում ես, որ չի արժեքավորվում»:


Նկարչի գնահատմամբ՝ պետությունը պետք է ծրագիր ունենա:


«Պետք է անկեղծ լինել և ասել, որ Սովետական միության ժամանակ դա հիմնովին էր դրված. մենք գիտեինք գոնե մեր նկարիչներին, դերասաններին, գրողներին, գիտնականներին, տարբեր բնագավառների մարդկանց: Մենք գիտեինք, որ այդ մարդիկ մեր պետության շարժիչ ուժն են հանդիսանում: Եվ հիմա, երբ մեր ստեղծագործական միությունները դարձել են հասարակական կազմակերպություններ, կորցրել են իրենց արժեքը»,-ասաց Փարավոն Միրզոյանը, դժգոհություն հայտնելով, որ 18 տարեկան մեկը կարող է դառնալ նկարիչների միության անդամ, կամ մեկ ցուցահանդեսի մասնակցելով` դառնում են նկարիչների միության անդամ:


«Դրա համար պետք է ճիշտ ղեկավարել: Ով ծանոթ ունի, մի քանի երգ է երգում, կամ մի քանի ցուցահանդես է բացում ու դառնում է միության անդամ»,-նշեց Փարավոն Միրզոյանը:


Ինչ վերաբերում է իրականացվող միջոցառումներին, ապա Միրզոյանի խոսքով՝ թվում է, թե միջոցառումները շատ-շատ են, բայց դրանց որակը ցածր է:

Թվում է, թե միջոցառումները շատ-շատ են, բայց որակը ցածր է. Ազգային պատկերասրահի տնօրեն