Հարիսոն Ֆորդը կնկարահանվի «Սայրի վրայով վազողը» ֆիլմի շարունակությունում
Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը կնկարահանվի «Սայրի վրայով վազողը» (1982) ֆիլմի շարունակությունում։ Նրա բանակցությունները ռեժիսոր Դենի Վիլնյովի հետ մոտ են ավարտին։
Նման հայտարարություն է արել Alcon Entertainment ընկերությունը, որը զբաղվելու է նկարահանումներով։ Նախագծի աշխատանքները կսկսվեն 2016-ին, գրում է Лента-ն։
«Մենք հպարտ ենք, որ Հարիսոնը մեր և Վիլնյովի հետ է, ում տաղանդը մենք արդեն տեսել ենք «Գերուհիները» ֆիլմում։ Մենք կստեղծենք միանշանակ հզոր ֆիլմ, որն աշխարհում ամենահայտնի ֆիլմերից մեկի շարունակությունը կլինի»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։
Հայտնի է, որ նոր ֆիլմում կներկայացվի հերոսների կյանքը մի քանի տասնամյակ անց։ Առաջին մասի ռեժիսոր Ռիդլի Սքոթը հրաժարվել է աշխատել ֆիլմի վրա, սակայն հանդես կգա պրոդյուսերի դերում։










