Տունը, որտեղ մեծացել է Փոլ Մաքքարթնին, վաճառվել է մոտ 230.000 դոլարով
Լիվերպուլում գտնվող տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել բրիտանական The Beatles լեգենդար խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին, վաճառվել է 231 հազար դոլարով, գրում է ria.ru-ն:
Տան վաճառքով զբաղվող Countrywide Property Auctions ընկերության աճուրդն անցկացվել է Cavern Club նորացված լիվերպուլյան ակումբում, որտեղ կարիերայի սկզբում հաճախ ելույթ է ունեցել հայտնի քառյակը:
«Մենք ուրախ ենք, որ վաճառել ենք The Beatles-ի և Լիվերպուլի պատմության՝ նման նշանակալի հատվածը»,- հայտարարել է ընկերության մենեջեր Էնդրյու Բրաունը:
Մաքքարթնիի ընտանիքն այդ տուն է տեղափոխվել 1947 թվականին, երբ ապագա «բիթլը» եղել է չորս տարեկան: Այդ տանը Մաքքարթնիներն ապրել են վեց տարի:
Անշարժ գույքի նոր սեփականատիրոջ անունը չի նշվում:
2014 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում աճուրդի ժամանակ 156 հազար ֆունտ ստերլինգով վաճառվել է The Beatles խմբի մեկ այլ նախկին անդամ Ջորջ Հարիսոնի մանկության տունը:
Լիվերպուլում գտնվող համեստ տունը գնել է խմբի երկրպագուհի Ջեքի Հոլմսը:










