«Էմմիի» եռակի դափնեկիրը Հայոց ցեղասպանությանը նվիրված մյուզիքլ է գրել
«Էմմի» մրցանակի եռակի դափնեկիր, կոմպոզիտոր Դենիզ Ջենտինիլին միջազգային ճանաչում ունեցող երգչուհի և կոմպոզիտոր Լիզա Նեմզոյի հետ համատեղ ստեղծել են I Am Alive («Ես ողջ եմ») մյուզիքլը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:
Ինչպես ներկայացնում է soyarmenio.com-ը` մյուզիքլը պատմում է Ջենտինիլիի տատիկի և պապիկի` Ցեղասպանությունը վերապրած Գուրգեն և Մալվին Խանջյանների 75 տարվա սիրո մասին:
«Պապիկս` Գուրգենը, որբացել է 8 տարեկանում: Նրա հայրը մահացավ, երբ Թուրքիայում 1915-ին սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Նրան հաջողվել է փրկվել Սիրիայի անապատով անցնող «մահվան երթի» ժամանակ, երբ թուրքերից մեկը խղճացել է փոքրիկին: Նրան տեղավորել են մանկատանը: Տատիկս` Մալվինը, նույնպես ապրում էր Թուրքիայում: Նրա հայրը թունավորվել է Ցեղասպանության ժամանակ: Արդյունքում նրանք երկուսն էլ հայտնվեցին Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ հանդիպեցին միմյանց: Երբ նրանք 14 և 19 տարեկան էին, ամուսնացան և գրեթե 75 տարի ապրեցին միասին», - ասել է Ջենտինիլին:










