Լեոնարդո ԴիԿապրիոն նոր ֆիլմում խաղալու է 24 անձնավորություն ունեցող մարդու դեր
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն պատրաստվում է մոլագար Բիլի Միլիգանի դերը խաղալ «Մարդաշատ սենյակ» նոր ֆիլմում, ով բազմակի անձնավորության սինդրոմ է ունեցել՝ շուրջ 24 տարբեր անհատականությամբ, գրում է Kommersant.ru-ն։
Ֆիլմը Բիլի Միլիգանի մասին պատմող Դանիել Քիզի գրքի էկրանավորումն է, որը հրատարակվել է 1981-ին։
Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է ԴիԿապրիոյին պատկանող Appian Way ընկերությունը։ Ինչպես հայտնում էն մի շարք ԶԼՄ-ներ, ԴիԿպրիոն ավելի քան 20 տարի ձգտել է խաղալ այդ դերը։
Բիլի Միլիգանի նկատմամբ մի շարք գողությունների, առևանգման և 3 բռնաբարությունների մեղադրանքներ են առաջադրվել 1970-ականների վերջին։
Նրան անմեղսունակ են ճանաչել և ուղարկել են պարտադիր բուժման, այն բանից հետո երբ փաստաբանին հաջողվել է ապացուցել, որ հանցագործությունները կատարել են նրա այլ անձնավորումները։
1988-ին նրան ազատ են արձակել պարտադիր բուժումից։ Միլիգանը մահացել է 2014-ի վերջին։
Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները»,«Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։










