Սերբիայի Նախագահը պետական բարձր պարգև՝ Ոսկե մեդալ է շնորհել սերբագետ Բաբկեն Սիմոնյանին
Բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի անունը շուրջ երեք տասնամյակ հայտնի է Հայաստանում և Սերբիայում: Նա ինը գրքի և ավելի քան 800 հոդվածների, թարգմանությունների, գրախոսությունների և ուղեգրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, սլովակերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, էստոներեն, իտալերեն, հունգա¬րերեն, ֆրանսերեն, անգլերեն:
Բաբկեն Սիմոնյանը 1975 թվականից զբաղվում է հայ-սերբական մշակութային կապերով: Նա իր գրական-մշակութային բեղուն գործունեության համար բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների ու պետական պարգևների: Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով, մեր հայրենակցին վերջերս շնորհվել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգև` Ոսկե մեդալ` ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ և հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդելու գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար:
Սերբիայի Հանրապետության պետականության տոնի առթիվ, նախագահական պալատում, ի թիվս անվանի այլ մտավորականների, Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Բաբկեն Սիմոնյանին հանձնել է Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգև` հանրապետության Ոսկե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ոսկե մեդալ ստանալու առիթով Բաբկեն Սիմոնյանն ասել է. «Երախտագիտությամբ ու հպարտությամբ ընդունեցի Սերբիայի Հանրապետության պետական բարձր պարգևը, որ անձամբ շնորհեց նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Այդ մեդալը կհարստացնի իմ ստեղծագործական կենսագրությունը: Նման ամեն մի պարգև նոր գործ ձեռնարկելու լավ խթան է, նաև` անմոռանալի իրադարձություն է իմ կյանքում, իսկ մյուս կողմից` մեծ պատասխանատվություն հայ և սերբ ժողովուրդների առջև: Հայաստան կվերադառնամ հրաշալի տպավորություններով և կշարունակեմ Աստծո կողմից ինձ տրված առաքելությունը»:










