Բրյուս Լիի դուստրը կենսագրական ֆիլմ կնկարահանի իր հանրահայտ հոր մասին
Լեգենդար Բրյուս Լիի դուստրը՝ Շենոն Լին, պատրաստվում է կենսագրական ֆիլմ նկարահանել իր հոր մասին: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Bruce Lee Entertainment ընկերությունը, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Collider-ին:
«Չնայած հորս նվիրված տարատեսակ ֆիլմերի մեծ քանակությանը՝ չի եղել և մեկը, որը բավականաչափ խորությամբ կներկայացներ նրա կյանքի փիլիսոփայությունը: Հանրությանն իմ հոր բնավորության խորությունն ու յուրահատկությունը հասկանալու միակ ճանապարհը նրա կյանքին և ստեղծագործությանը նվիրված սեփական ֆիլմ նկարահանելն է»,- պատմել է Շենոնը լրագրողներին:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք կենսագրական ֆիլմում կպատմեն Բրյուսի որդու՝ Բրենդոն Լիի մասին, ով ողբերգական կերպով մահացել է 1993 թվականին՝ «Ագռավ» թրիլերի նկարահանումների ժամանակ:
Collider-ը գրում է, որ այն բանից հետո, երբ հիմնվել է Bruce Lee Entertainment ընկերությունը, Բրյուս Լիի անվան և պատկերների օգտագործման իրավունքները պատկանում են միայն նրան, այդ պատճառով Բրյուս Լիի մասին ֆիլմերի վրա աշխատող ստուդիաների մոտ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ:










