Մեծ Բրիտանիայում հրատարակիչների հետ Ջոան Ռոուլինգի պայքարի մասին գիրք է լույս տեսել
Sotheby’s աճուրդի տան մանկական գրքերի բաժնի ղեկավար Ֆիլիպ Էրինգթոնը հրատարակել է JK Rowling: A Bibliography գիրքը՝ նվիրված Հարի Փոթերի մասին գրքերի շարքի ստեղծման վրա բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի աշխատանքին, գրում է lenta.ru-ն: Էրինգթոնի գրքում նկարագրվում է 1997-ից 2013 թվականների ժամանակահատվածը:
Էրինգթոնը պատմում է, մասնավորապես, խմբագիրների և հրատարակիչների հետ Ռոուլինգի փոխգործակցության մասին: Օրինակ՝ «Հարի Փոթեր և գաղտնի սենյակը» գրքի վրա աշխատանքի ընթացքում նա ստիպված է եղել հանել Գրեթե Անգլուխ Նիկի ուրվականի երգի տեքստը. խմբագրությունում այն ավելորդ են համարել: Ավելի ուշ գրողը հրապարակել է, իր կարծիքով, այդ կարևոր հատվածը համացանցում:
Նշվում է, որ Ռոուլինգն անհանգստացած է եղել, որ խմբագիրները նրան խնդրել են զգալիորեն կրճատել «Գաղտնի սենյակի» տեքստը, բայց համաձայնել է այդ քայլին գնալ: Ավելի ուշ նա գրել է. «Ես անգամ ավելին արեցի, քան դուք առաջարկել եք, բայց ես հիմա շատ երջանիկ եմ: Այդ ծանր աշխատանքը և մշտական փոփոխությունները վերջապես ավարտվել են: Բայց եթե հարկավոր է ավելին հանել, ես պատրաստ եմ»:
Էրինգթոնը հրապարակել է հրատարակիչների հետ մի քանի հարցազրույց, արխիվային նյութեր և գրողի նամակները:










