Գարնանային ցուցահանդես` մայր և դուստր Լիլյա և Սվետա Կարճիկյանների կողմից

20:28 • 02.03.15

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Մայր և դուստր Լիլյա և Սվետա Կարճիկյանների գարնանային ցուցահանդեսի բացումը, որը  կտևի մինչև մարտի 8-ը: Ցուցադրությունն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:


Նկարչուհի Սվետա Կարճիկյանը նշեց, որ սա Հայաստանում իր առաջին անհատական ցուցահանդեսը չէ: «Սա երկրորդ ցուցահանդեսն է իմ մայրիկի հետ: Ես և մայրիկս շատ տարբեր ենք. մայրիկս նկարում է դասական, իսկ ես` ժամանակակից ոճում: Որոշեցինք իրար հետ բացել գարնանային ցուցահանդես և մարդկանց ուրախություն պարգևել»,-ասաց նա և նշեց, որ մայրը` հիմնականում ծաղիկներ է նկարում, և այդ պատճառով որոշել էին ցուցահանդեսը   վերնագրել «Գարուն», սակայն  հետո մտափոխվել էին:

 

Սվետա Կարճիկյանն ասաց, որ իրենք հիմնականում արտասահմանում են ցուցահանդեսներ ունենում: «Իմ գործերից ամեն մեկն իմ կյանքի մի մասն են, ես սիրում եմ կյանքիս այդ հատվածը»,-ասաց նա և նշեց, որ իրենց գործերը ցուցադրվում են ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և այլ երկրներում: Իսկ Լիլա Կարճիկյանը նշեց, որ այստեղ ցուցադրված է իր և իր աղջկա 100-ից ավելի աշխատանք:

 

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ  մայր և դուստր Կարճիկյանների աշխատանքները  իրենց նման հմայիչ են, լուսավոր, պայծառ: «Միշտ չէ, որ նման գեղեցիկ ցուցադրություն ենք ունենում: Ինչպիսի՜ ուրախություն կա նրանց նկարներում, շատ հետաքրքիր է, որ այս երկու նկարչուհիներն իրենց արվեստում այսքան տարբեր են և այսքան նման»,-ասաց նա և նկատեց՝ ցուցասրահներում  ցուցադրվող շատ նկարներ լի են հոգսերով, տանջանքներով:

 

 

Գարնանային ցուցահանդես` մայր և դուստր Լիլյա և Սվետա Կարճիկյանների կողմից