Եվգենի Կիսինը մենահամերգ կունենա «Երևանյան Հեռանկարներ» 16-րդ փառատոնի շրջանակներում

17:31 • 03.03.15

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կվերադառնա Հայաստան՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին:


Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի դաշնակահարի մենահամերգը:


Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը:


«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքերով՝  Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է:


«Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան, մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»,– ասաց նա:


Այդ ծրագիրն այս տարի նա նվագում է աշխարհի ամենամեծ բեմերում:  Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են  ցեղասպանության 100-ամյա տարելիցին:


Փառատոնը  անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի  աջակցությամբ։


Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։


Տասը տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի Դաշնամուրի կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։

 

Եվգենի Կիսինը մենահամերգ կունենա «Երևանյան Հեռանկարներ» 16-րդ փառատոնի շրջանակներում