Թերլեմեզյանը ոչ միայն լավ նկարիչ էր, այլ նաև մտավորական. լրացավ հայ նկարչի 150-ամյակը

16:04 • 03.03.15

Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում անվանի նկարչի ծննդյան 150-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացված են քոլեջի դասավանդողների աշխատանքները՝ կտավներ, քանդակներ և այլն:


Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ներկայումս այստեղ սովորում է 700-ից ավելի հրաշալի ուսանող, որոնք կրում են ազգային հստակ նկարագիր և այսօրվա սերնդի սերուցքն են, որը վաղը շարունակելու է կերտել այս երկրի ապագան:


«Ինքը՝ Թերլեմեզյանը, չուներ ընտանիք և իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդի վաղվա օրվան: Այսօր մենք կրում ենք այդ ժառանգությունը և փոխանցում մեր նոր սերունդներին: Պետք է տեղեկացնեմ, որ մենք  նախորդ տարի շրջագայություններ ունեցանք տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիայի, Չեխիա, Ավստրիա, և կարող եմ հստակ ասել, որ մենք քայլում ենք որպես աշխարհի քաղաքացի, որովհետև ակադեմիական գծանկար, ակադեմիական գունանկար հասկացությունը Եվրոպայում, գուցե տեխնիկայի զարգացման հետևանքով, հետընթաց է ապրել: Մենք այսօր կրում ենք այդ ժառանգությունը և այսօր դրա պահանջարկը աշխարհում կա: Մենք այսօր աշխարհին տալու բան ունենք»,-ասաց նա:


Աննա Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին:


«Քչերին է հայտնի, որ նա Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է եղել, եղել է հրաշալի հրաձիգ ու ակտիվ մասնակիցներից մեկը»,-ասաց նա:


Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ նշեց, որ Թերլեմեզյանը առանձնանում է ոչ միայն իբրև նկարիչ, ստեղծագործող, այլ նաև որպես մտավորական:

 

«Նրա գաղափարը պետք է հասկանա նաև մեր ուսանողությունը, որ միայն վրձինը չէ, այլ՝ պիտի ապրես քո միջավայրով, քո ժողովրդով, հենց սա է այսօրվա ուսանողներին նրա պատգամը: Նա նաև հասարակական գործիչ էր, այսօր նկարիչներ կան, որ փակված են իրենց արվեստանոցում և միայն նկար են նկարում, ես չեմ ընդունում դա: Ստեղծագործողը պետք է ապրի իր միջավայրում, թե չէ ո՞ւմ են պետք նրա նկարները»,-ասաց նա:


Քանդակագործը նշեց, որ ինքը բազմաթիվ աշխատանքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, բայց հիմա ափսոսում է, որ դրանք Հայաստանը չեն ծաղկեցնում:


«Իրականում հայրենի հողը պետք է ծաղկեցնել, ինչպես անում էր Թերլեմեզյանը: Մենք բոլորս պետք է մտածենք՝ այնպիսի միջավայր ստեղծենք, որ ամեն մի մասնագետ իրեն շատ լավ զգա հայրենիքում»,-ասաց նա: