Ամերիկյան կինոակադեմիան մտադիր է կրճատել գլխավոր «Օսկարի» թեկնածուների թիվը

14:31 • 04.03.15

Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան դիտարկում է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» մրցանակի համար հինգ ֆիլմի թեկնածություն ներկայացնելու ձևին վերադառնալու հնարավորությունը: Այդ մասին The Hollywood Reporter-ը տեղեկացել է սեփական աղբյուրներից, գրում է interfax.ru-ն:

 

Վերջին վեց տարիներին գլխավոր «Օսկարի» թեկնածուների թիվը կարող էր հասնել անգամ 10-ի: Այս տարի լավագույն ֆիլմի կոչման համար մրցել է ութ ֆիլմ, իսկ մինչ այդ՝ երեք տարիների ընթացքում թեկնածուների թիվը եղել է ինը:

 

Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման ձևը հաջող չի եղել: Կինոակադեմիայում կարծում են, որ գլխավոր անվանակարգում թեկնածուների մեծ թիվը նվազեցրել է անվանակարգի հեղինակությունը և, միևնույն ժամանակ, հակառակ սպասումներին՝ չի գրավել նոր հեռուստադիտողներ:

 

Կինոակադեմիայի ղեկավարների խորհրդին թեկնածուների քանակը կրճատելու պաշտոնական առաջարկ դեռ չի արվել, բայց սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ արդեն մարտի 24-ին՝ ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը քննարկվելու է նաև «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը և, ընդհանուր առմամբ, կինոմրցանակների սեզոնը:

Ամերիկյան կինոակադեմիան մտադիր է կրճատել գլխավոր «Օսկարի» թեկնածուների թիվը