Ահա հայերից մնացած գանձերը... թուրքական պարբերականն անդրադարձել է հայերից հետո մնացած թաքնված գանձերի «առասպելին»

15:13 • 04.03.15

Մի ժամանակ Անատոլիայում «հայերի գանձերը» որոնելը շատ տարածված էր: Քանի որ հարյուր հազարավոր հայերի բնակության վայրերում, որտեղից նրանք աքսորվել էին, այդ ողբերգությունից մնացած միակ բանը «գնալուց առաջ գանձերը թաղել են» «առասպելն» էր: ԱՄՆ-ում բնակվող լուսանկարիչ Գերման Ավագյանը «հայ հարևաններից մնացածը» հավաքել է ու լուսանկարների ցուցադրություն կազմակերպել, գրում է Radikal-ը:

 

Թուրքական պարբերականի անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

 

«Հայերի մասին խոսելիս պարբերաբար օրակարգում էին հայտնվում թաքնված գանձերի, թաղված ոսկիների մասին առասպելները, սակայն ինչպես Հրանտ Դինքն էր (պոլսահայ նշանավոր լրագրող-Tert.am) ասում` իրական գանձերն իրականում հողի վրա էին:

 

Հայերից մնացած ամենամեծ գանձերը գուցե կորուսյալ հայրենիքի հետ կապող, ընտանիքից մնացած միակ իրերն էին:

 

Դերասանուհի Արսինե Խանջյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ «մեր ազգանուններն անգամ խլեցին մեր ձեռքից»: Փրկված երեխաներն իրենց հոր մասնագիտությունների բերումով նոր ազգանուններ ունեցան:

 

Այսկերպ, իրականում, իրենց անցյալը գտնելն անհնար դարձավ: Իսկ փրկածն էլ տան հետ կապված մեկ-երկու կտոր իրեր էին, որոնք կարողացել էին իրենց հետ տանել. մեկը մի քար, մյուսը՝ շալ, երրորդը՝ ծխախոտ էր կարողացել վերցնել հետը:

 

Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին վերջերս են սկսել խոսել,  մոռացված հսկայական հիշողությունը վերականգնելու համար վկայությունները երկրորդ կամ երրորդ սերնդի մարդկանցից կարելի է լսել:

 

ԱՄՆ-ում բնակվող լուսանկարիչ Գերման Ավագյանը Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեր հիշողության մի այլ մասն է վերակենդանացնում:

 

Լուսանկարիչը Ցեղասպանությունից փախչողների՝ իրենց հետ տարած և սերնդեսերունդ փոխանցած թանկարժեք իրերի լուսանկարները ցուցադրել է «Կորուսյալ հայրենիք» ցուցահանդեսի ընթացքում:

 

PhMuseum.com առցանց թանգարանի կողմից ներկայացվող ցուցահանդեսին ցուցադրվել են կորուսյալ հայրենիքից՝ Ադըյամանից ու Վանից մի շարք նմուշներ:

 

«Այս նախագիծը նվիրում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցանկանում եմ, որ ողջ աշխարհը հիշի 100 տարի առաջ տեղի ունեցածը: Թուրքիայում ընկերներ ունեմ, որոնք փորձում են հասկանալ անցյալում տեղի ունեցածները, և այս նախագիծը նաև նրանց եմ նվիրում»,-ասում է հեղինակը:

 


Զարդատուփ
Ակն գյուղից: Առաքել Սեմերջյանի ընտանիքին պատկանած այս տուփը, երկար ճանապարհ անցնելով, Եթովպիայից Սուդան է հասել, իսկ 1946 թվականին Խորհրդային Հայաստան գաղթած ընտանիքի հետ է եղել:

 

Մանկական ծածկոց

 


Ադըյամանից Մանուշյան ընտանիքին պատկանած ծածկոց: 1915-ին ընտանիքը Դեյր Զորի անապատներ է ուղարկվել: 83 հոգանոց գերդաստանից միայն 3-ն են ողջ մնացել: Աքսորից մի քանի օր առաջ ընտանիքի նորածին երեխային՝ Հռիփսիմեին, այս ծածկոցով փաթաթված զազա հարևաններին են տվել:
 
 
Գիրք
Հայատառ թուրքերեն գիրք: 1915-ին ընտանիքի հետ Ադանայից Լիբանան փախած տիկին Աղավնունն է եղել: Գիրքը դստերը՝ Էօժեն Աբուդուրյանին է ժառանգել, նա էլ իր դստերը՝ Սրբուհուն:

 
Կրակայրիչ


Ցեղասպանության ընթացքում այս կրակայրիչի տերը՝ Կիրակոս Պողոսյանը, Օսմանյան կայսրությունից Հալեպ, հետո էլ Բեյրութ է փախել: 1946-ին գաղթել է Խորհրդային Հայաստան: Կիրակոսի մահվանից հետո կինը՝ Օվսանան, այս կրակայրիչը թոռանը՝ Սահակ Պողոսյանին է տվել:


Սանր

 

Մուսա լեռան գյուղերից Եգիպտոս փախած Ազատուհի Տեր-Պետրոսյանն այս սանրն իր համար է պատրաստել: 1946-ին գաղթել է Խորհրդային Հայաստան:

 

Աղաման

 


 

 

Այս աղամանն Արմենակ և Վարդուհի Հովհաննիսյաններին է պատկանել: Հովհաննիսյան ընտանիքը 1915-ին Վանից Հայաստան է ներգաղթել: Այսօր այն պահում է Արմենակի և Վարդուհու թոռը՝ Հասմիկը:

 

Ձեռագործ


Պատկանել է Զարմինա Վասիլյանին:

1915-ին ընտանիքը Քըրըքհանից Հալեպ է գաղթել: 1946-ին Հայաստան են տեղափոխվել: Այժմ այն պահում է Զարմինայի թոռը՝ Արմինե Տնկիկյանը:

Ահա հայերից մնացած գանձերը... թուրքական պարբերականն անդրադարձել է հայերից հետո մնացած թաքնված գանձերի «առասպելին»