Թամանյանին ճանաչում էին որպես բարոյական արժեքների կրող.այսօր ճարտարապետի ծննդյան օրն է
Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է այսօր: Նա ծնվել է 1878թ-ին Կրասնոդարում: Tert.am-ի հետ զրույցում ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ընդգծեց, որ Թամանյանը 20-րդ դարի հայ դասական ճարտարապետության հիմնադիրներից մեկն է:
«Կասեի ավելի՝ ոչ մի երկրում քաղաքի ճարտարապետի համար հատուկ հուշարձան չկա կանգնեցրած, մինչդեռ մենք Թամանյանի արձանն ունենք: Դա էլ է վկայությունը նրա ճանաչման աստիճանի: Բայց մեր Երրորդ Հանրապետության ձևավորմանը զուգահեռ մենք կտրուկ հրաժարվեցինք մեր ժառանգությունից, հոգևոր արժեքը սկսեց կարևոր չլինել, կարևոր դարձավ նյութականը: Դա դարձավ չափորոշիչ քաղաքաշինական գործունեության համար: Քանի որ նյութականն էր կարևոր, բարոյականը հետին պլան մղվեց, իսկ մենք Թամանյանին ճանաչում էին որպես ոչ նյութական՝ բարոյական արժեքների կրող»,- ասաց նա:
Սաշուր Քալաշյանն ընդգծեց, որ Թամանյանի ժառանգությունը հետին պլան մղվելուց հետո, ի հայտ եկան քաղաքաշինական ծրագրեր, որոնք արդարացված էին միայն գումար աշխատելու տեսանկյունից:
«Ամեն ինչ արվում է բիզնեսի տեսանկյունից։ Արվեստ, ճաշակ, համաչափություն այլևս չկա, հանրապետության ստեղծումից առ այսօր չեմ կարող առանձնացնել կառուցված մի նոր շենք: Մենք երբեմն պետական մրցանակներ ենք ստանում, բայց դրանք իներցիոն բնույթ ունեն»,- ասաց նա:
Ճարտարապետն ընդգծեց, որ թամանյանական երևանի կեսն արդեն աղավաղված է. հերթը հասել է Թամանյանի նախագծած շենքերին:
«Արդեն հայտնի է, որ Թամանյանի նախագծած Թումանյան 25-ի շենքի տեղում պետք է հյուրանոց լինի: Մտածելակերպը կորցրել ենք, այդ թվում նաև ճարտարապետներն են կորցրել: Նրանք հիմնականում դարձել են ստրուկ, կամակատար, հանուն մի կտոր հացի պատրաստ են զոհաբերել ամեն մի արժեք:
Չկա այսօր մի անկյուն, որտեղ պահպանված լինի թամանյանական շունչը: Գրեթե 50 տոկոսով աղավաղել ենք քաղաքի կենտրոնը»,- ասաց նա։










