Հռոմի Վիտտորիանո թանգարանում բացվել է Ցեղասպանությանն ու հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդեսը

13:37 • 07.03.15

Մարտի 5-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո իտալական վերածննդի թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» խորագիրը կրող հայկական քաղաքակրթությանը, Հայոց ցեղասպանությանն ու Իտալիայում հայերի ներկայությանը նվիրված ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Այս մասին տեղեկացնում է armeniangenocide100.org-ն։

 

Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու  Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ:


Նախքան ցուցահանդեսի բացումը կայացավ մամուլի ասուլիս իտալական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին ներկա էին 50-ից ավելի իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ասուլիսում խոսքով հանդես եկան Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Իտալիայի նախագահի մշակութային արժեքների պահպանման հարցերով խորհրդական պրոֆ. Լուի Գոդարը (Prof. Louis Godart), Իտալիայում հայտնի հայազգի դերասան Պաոլո Քեսիսօղլուն (Paolo Kessisoglu):


Դեսպան Սարգիս Ղազարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է իտալական հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի 3 հազարամյա պատմության ու քաղաքակրթության դրվագները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը դեսպանի բնորոշմամբ «մահափորձ էր հայ ժողովրդի ու հայկական քաղաքակրթության դեմ»:


Նա ընդգծեց, որ այդ «մահափորձին»  հայ ժողովուրդը պատասխանեց իր վերածնունդով և դրա մարմնավորումը հանդիսացող անկախ Հայաստանի Հանրապետության կերտմամբ: Դեսպան Սարգիս Ղազարյանն անդրադարձավ Իտալիայում հայկական համայնքների 2000-ամյա պատմությանը և Իտալիայի զարգացման գործում նրանց ներդրմանը: Նա նաև հիշատակեց իտալացի մի շարք ականավոր քաղաքական-հասարակական գործիչների, նրանց թվում Իտալիայի վարչապետ Լուիջի Լուցատիին (Luigi Luzzatti), ֆինանսների նախարար Ֆիլիպպո Մեդային (Filippo Meda), Անտոնիո Գրամշիին (Antonio Gramsci), Տրապիզոնում Իտալիայի հյուպատոս Ջիակոմո Գոռինիին (Giacomo Gorrini), ովքեր 1915-16թթ. դատապարտել են Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի հանդեպ կատարվող ոճրագործությունը։


Պրոֆեսոր Լուի Գոդարը կարևորեց ցուցահանդեսի կազմակերպումը՝ հայկական քաղաքակրթությունը համարելով եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մաս: Նա նշեց, որ ինչպես անցյալում Հայաստանը քրիստոնեության պատնեշն էր Եվրոպայի համար, այսօր էլ պատնեշ է հանդիսանում արևմտյան քաղաքակրթության համար իսլամական ծայրահեղականության դեմ: Նա Հայոց ցեղասպանությունը բնութագրեց որպես «մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը» և դրվատանքով խոսեց հայ ժողովրդի տոկունության մասին՝ նշելով, որ իր հանդեպ գործած բռնություններին հայ ժողովուրդը պատասխանել է հզոր մշակույթով ու քաղաքակրթությամբ և պատմեց հայ երկու կանանց կողմից ցեղասպանության օրերին Մշո Ճառընտիր ավետարանի փրկության պատմությունը: Իր հերթին, Պաոլո Քեսիսօղլուն խոսեց հայ ինքնության իր անձնական փնտրտուքի մասին և հատվածներ ընթերցեց հայ ժողովրդի մասին Վիլյամ Սարոյանի խոսքերից:

 

Երեկոյան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիայի, Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի, Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի ներկայությամբ  կայացավ «Հայաստան. Տապանի ժողովուրդ» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Նրան ներկա էին հարյուրավոր այցելուներ, որոնց թվում էին Իտալիայի քաղաքական-հասարակական գործիչներ, սենատորներ ու պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վիտտորիանո համալիրի տնօրեն Ալեսանդրո Նիկոզիան,  Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

 

Յոթ առանձին բաժինների ցուցանմուշներն ու տեսանյութերը ներկայացնում են Հայաստանում քրիստոնեության ընդունումը,  խաչի   պատկերագրությունը,  հայ գրերի ստեղծումը, ձեռագիր մատյաններ, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ-իտալական դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի ու պատմության հարուստ ներկայությունը, ինչպես նաև առանձին սրահով Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր:

 

Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 3-ը: Այն լայնորեն լուսաբանվում է իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ հանրային հեռուստատեսության և պարբերական մամուլի կողմից:

Հռոմի Վիտտորիանո թանգարանում բացվել է Ցեղասպանությանն ու հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդեսը