Թուրքիայում առգրավվել է կտավ, որը ենթադրվում է՝ պատկանում է Վան Գոգին

12:13 • 07.03.15

Թուրքիայի Թոքաթի նահանգում ոստիկանությունն առգրավել է կտավ, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, գրում է РИА Новости-ն։

 

Ոստիկանությունը համացանցում հայտնաբերել է Վան Գոգի կտավի վաճառքի մասին հայտարարություն։ Գնորդներ ձևանալով՝ ոստիկանները կապվել են հայտարարության հեղինակի հետ և հանդիպում նշանակել, որի ժամանակ էլ վաճառողը ձերբակալվել է, իսկ կտավը՝ առգրավվել։

 

Յուղաներկով արված կտավի հակառակ կողմում գրված է՝ «Վինսենթ Վան Գոգ, Հաագա, 1882», «Դալեմի թանգարան», «Մարդն ապաստարանից, կանգնած»։

 

Նկարն ուղարկվել է Գազիօսմանփաշայի համալսարան։ Այնտեղ անցկացված նախնական փորձաքննության տվյալները ցույց են տվել, որ մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ կտավը պատկանում է Վան Գոգի վրձնին։ Այդ կտավի՝ մատիտով արված էսքիզը գտնվում է Ամստերդամում Վան Գոգի թանգարանում։

 

Թուրքիայում առգրավվել է կտավ, որը ենթադրվում է՝ պատկանում է Վան Գոգին