Հալեպում ընդմիջումից հետո բեմ է բարձրացել «Զվարթնոց» երգչախումբը
Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության «Զվարթնոց» երգչախումբը պատերազմով պայմանավորված ընդմիջումից հետո մարտի 8-ին վերստին բեմ է բարձրացել խմբավար Հարություն Ալապոզանյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Գանձասար» թերթի խմբագրությունից:
Երգչախումբը երկու արարներով հալեպահայ արվեստասեր հանրությանն է ներկայացրել աշուղական, սիրային և հայրենասիրական ճոխ երգացանկ: Երգչախմբի երգեցողությանը առանձնահատուկ փայլ են հաղորդել մեներգերը, զուգերգերը և թատերական ու պարային հաճելի համարները:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ հալեպահայ Ալիք Սարյանը մասնակցելու է հուլիսին Դանիայում կայանալիք միջազգային գիտական օլիմպիադային՝ ներկայացնելով Սիրիան: Նա ընտրվել է Սիրիան ներկայացնող 4 աշակերտների թվում:










