Նյու Յորքում իսլանդացի երգչուհի Բյորկին նվիրված ցուցահանդես է բացվել
Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կիրակի օրը բացվել է իսլանդացի երգչուհի Բյորկին նվիրված հետահայաց մասշտաբային ցուցահանդես, գրում է ТАСС-ը:
Ցուցադրությունը ներառում է երգչուհու սոլո կարիերայի ավելի քան 20 տարին՝ սկսած 1993 թվականի Debut ալբոմով, որը Բյորկին համաշխարհային ճանաչում է բերել, մինչ մեր օրերը:
Ցուցահանդեսին ներկայացված են բեմական հագուստներ, լուսանկարներ, երգչուհու ձեռագրերն ու օրագրերը, ինչպես նաև տարբեր հետաքրքիր ու անսովոր երաժշտական գործիքներ, որոնք նա օգտագործել է իր երգերը ձայնագրելու ժամանակ:
Այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում Բյորկի հայտնի «կարապի» զգեստը, որով նա ներկայացել է 2001 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը:
Բոլոր այցելուներին բաժանվում են հատուկ աուդիոգիդեր, որոնք յուրաքանչյուր սրահին համապատասխան աուդիոշարք են վերարտադրում:










