Բան Կի Մունը ռազմական հանցագործություն է անվանել ԻՊ-ի կողմից Իրաքի հուշարձանների ոչնչացումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր վրդովմունքն է հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների վերաբերյալ, որը գետնին է հավասարեցրել Իրաքի հյուսիսում գտնվող Խաթրա հնագույն քաղաքի ավերակները, փոխանցում է Корреспондент-ը։
Նա ծայրահեղականների գործողություններն անվանել է ռազմական հանցագործություն և նշել, որ անհրաժեշտ է շտապ վերջ դնել այդ ամենին։
«Գլխավոր քարտուղարը շտապ կոչ է անում միջազգային հանրությանը որքան հնարավոր է արագ վերջ դնել նման ահաբեկչական գործունեությանը, ինչպես նաև խոչընդոտել մշակութային արժեք ներկայացնող նմուշների մաքսանենգությանը»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Բան Կի Մունը հիշեցրել է, որ Նայնավա նահանգում գտնվող պարթևական քաղաքի ավերակները ներառված են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
«Գլխավոր քարտուղարը նշում է, որ մեր ընդհանուր մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հաղորդագրությունում։










