«Լույսի պահապանը». նոր հեռուստանովել՝ այսօր «ATV»-ի եթերում

18:26 • 09.03.15

 «ATV» հեռուստատեսության եթերում այսօր՝ ժամը 19:10-ին կկայանա «Լույսի պահապանը» հեռուստանովելի պրեմիերան: Սցենարիստն է Անահիտ Մխիթարյանը, ով եղել է նաև «Որբեր», «Աննա», «Գեներալի աղջիկը» և մի շարք այլ սերիալների, ինչպես նաև «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի սցենարիստը:


Վերջինս Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը սիրո մասին է, բայց հիմքում ընկած է մաքառումը, պայքարը՝ հասնելու ինչ-որ բանի, երբեք հետ չնայելու ու հետ չկանգնելու գաղափարը:


«Ես սերիալում փորձում եմ տանել այն գաղափարը, որ մարդուն ինչքան տրված է փորձություն, այդքան էլ համաչափ ուժ է տրված՝ դժվարությունները հաղթահարելու համար: Երբ անդառնալի կորուստներ ենք ունենում, դժգոհում ենք, ու դա թույլ չի տալիս առաջ ընթանալ: Իհարկե, կորուստը միշտ ստիպում է նայել հետ, բաց կա նաև ճանապարհ առաջ, կա նաև լույս»,-ասաց նա:


Անահիտ Մխիթարյանն ընդգծեց նաև, որ հեռուստանովելի հիմքում ընկած են մարդկային հարաբերությունների արժեքները:


«Չեմ ուզում մեծ դեր տալ իմ արած գործին, բայց եթե մի քանի հոգի էլ հասկանան, թե ինչքան լավ բան է ձեռք մեկնել ընկածին, ինչքան է ուժեղացնում դա հենց քեզ, նշանակում է՝ կարողացել ենք հասցնել այն գաղափարը, որ ուզում ենք: Փորձել եմ գրել լավ ձևով, երկխոսությունները փորձել եմ ներկայացնել այնպիսի լեզվով, որ չլինի փողոցային և միաժամանակ անհասկանալի ականջի համար։ Իմ կարծիքով՝ գտել եմ գեղեցիկ միջինը»,-ասաց նա:


Սցենարիստը նշեց, որ պատրաստ է քննադատության, որովհետև համարում է, որ եթե մի աշխատանք չի քննադատվում, նշանակում է, որ այն որևէ մեկը չի դիտել. ցանկացած լավ բան անգամ քննադատվում է:


«Եթե ցույց եմ տվել բացասական բան, միաժամանակ նաև աշխատել եմ մատնանշել, որ դա վատ երևույթ է և փորձել եմ անել այնպես, որ չպրոպագանդվի: Ինչպես է ստացվել՝ կտեսնենք հետո, բայց շեշտը դրվել է մարդկային հարաբերությունների, զգացողությունների, ամենակարևորը նրա վրա, որ մարդիկ կարող են հասնել ամեն ինչի, եթե ցանկանում են: Ուզում եմ տանել այն գաղափարը, որ բարին միշտ հաղթում է: Որքան էլ դա հեքիաթ թվա կամ պարզամտություն, բայց ես հավատում եմ հենց սրան»,-ասաց նա:


Սերիալի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Արփինե Իսրայելյանն էլ նշեց, որ «Լույսի պահապանը» սերիալը մյուսներից տարբերվում է առաջին հերթին իր ինքնատիպ  սյուժեով:


«Սերիալի սցենարը տարբերվում է առաջին հերթին իր պատմությամբ, իսկ իմ կերտած հերոսը տարբերվում է իր ճակատագրով: Հենց սրանով է սերիալը տարբերվում իմ խաղացած մյուս սերիալներից»,-ասաց նա:



 

«Լույսի պահապանը». նոր հեռուստանովել՝ այսօր «ATV»-ի եթերում