Լճաշենի դպրոցում Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես է բացվել

21:53 • 09.03.15

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայ անվանի գեղանկարիչ, Վանի հերոսամարտի կազմակերպիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-րդ տարեդարձին:

 

«Արմենպրես»-ին Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն ասել է, որ ցուցահանդեսը կրում է «…Տիեզերքի մեջ ինձ նման թիթեռ չկա…» խորագիրը:

 

Ցուցահանդեսի բացման ընթացքում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Գյուրջյանը խոսել է Թերլեմեզյանի կյանքի ու գործունեության մասին` նշելով , որ Թերլեմեզյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում գտած և մեծ ժողովրդականություն վայելող նկարիչ է, սիրված ու գնահատված որպես անձնվեր հայրենասեր, որպես մարդասեր և մեծապատիվ մարդ-քաղաքացի:

 

Ցուցահանդեսի մասնակիցները դիտել են Թերլեմեզյանի հեղինակած «Սևանա կղզին» «Բիբլիական Արարատը», «Ապաշխարողը» «Կոմիտասը», «Լոռեցի հովիվը» և այլ ցուցանմուշներ, որոնք կտավի վրա վերանկարվել են Լճաշենի դպրոցի աշակերտների կողմից:

 

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Թերլեմեզյանի ստեղծագործական ժառանգությանը, դրա ստեղծման պատմությանը:

 

Անահիտ Գյուրջյանը Թերլեմեզյանին նվիրված բաց դասի ընթացքում նշել է, որ հայ անվանի գեղանկարչի ստեղծագործությունները ողողված են դեպի կյանքն ունեցած լավատեսական տրամադրությամբ,  դեպի մարդկության լուսավոր ապագան ունեցած հավատով, որը հուսատու փարոս է եղել նրա համար ՝ հաղթահարելու իր ճանապարհին հանդիպած բազում դժվարություններ:

 

Ուսուցչուհին ներկայացրել է նաև հայ ազգային ազատագրական պայքարի գործիչ Փանոս Թերլեմեզյանի անցած հերոսական ուղին:

 


 



 

Լճաշենի դպրոցում Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդես է բացվել