Լոնդոնում կկանգնեցվի Մահաթմա Գանդիի արձանը

11:22 • 14.03.15

Հնդկական անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանն այսօր կբացվի Լոնդոնի Խորհրդարանական հրապարակում, հայտնում է РИА Новости-ն։

 

Բրիտանացի ճարտարապետ Ֆիլիպ Ջեքսոնի հեղինակած քանդակը տեղադրված կլինի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի արձանի հարևանությամբ։ Հատկանշական է, որ վերջինս փորձել է թույլ չտալ, որ Հնդկաստանն անկախություն ձեռք բերի, և հակակրանքով է վերաբերել Գանդիի գործունեությանը։

 

Հուշարձանի բացման արարողությանը, որը նվիրված է նրա՝ Հարավային Աֆրիկայից Հնդկաստան վերադառնալու 100-ամյակին, կմասնակցեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին։

 

Ելույթ կունենա Գանդիի թոռը՝ Արևմտյան Բենգալիա նահանգի նախկին նահանգապետ Շրի Գոպալկրիշնա Գանդին։ Միջոցառմանը կմասնակցեն նաև հարյուրավոր հյուրեր՝ ինչպես բրիտանական, այնպես էլ հնդկական կողմից։