Գուսան Հայկազունուն բարոյապես աջակցելը առավել մեծ նշանակություն ունի. երգիչ Արսեն Գրիգորյան

18:37 • 14.03.15

Փետրվարի վերջին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է գուսան Հայկազունուն նվիրված բարեգործական համերգ, որի արդյունքում հավաքվել է մոտ 3 մլն 400 հազ. դրամ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ նշելով, որ վաճառվել էին համերգի բոլոր տոմսերը, բացառությամբ 50 հրավիրատոմսի, իսկ գումարն արդեն փոխանցված է գուսանի հաշվեհամարին:

 

 

«Սունդուկյանի դահլիճի համար գումար չենք վճարել, սարքավորումների համար չենք վճարել, տոմսերը մեր ընկերներից մեկն է պատրաստել, երգիչներն էլ իրենց կամքով եկել ու անվճար երգել են: Այսինքն հավաքված ամբողջ գումարն ուղղվել է գուսանի առողջությանը»,-ասաց նա և ավելացրեց, որ արտասահմանից մի շարք հայեր ևս ֆինանսական աջակցություն են ցուցաբերել:

 

 

Հարցին, թե գուսանի առողջական խնդիրները լուծելու համար պատրաստվու՞մ են նոր ակցիաներ ձեռնարկեր, նա պատասխանեց, որ ներկայում հարցը ՀՀ Նախագահի և ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո է:

 

«Այս համերգն ավելի շատ գուսանին բարոյապես օժանդակելու նշանակություն ուներ, չէ՞ որ հիվանդ մարդու համար ֆիզիկականից առավել բարոյական աջակցությունն է կարևոր: Իսկ համերգին կարողացել էր գալ նաև գուսանը, հանդիսատեսը մեծ խանդավառությամբ նրան դիմավորեց, իսկ նրա աչքերը փայլում էին: Կարծում եմ՝ սա արդեն մեծ բան է»,-ասաց նա:

 

Գուսան Հայկազունուն բարոյապես աջակցելը առավել մեծ նշանակություն ունի. երգիչ Արսեն Գրիգորյան