Հալեպում տեղի է ունեցել «Սարյան» գեղանկարչության ակադեմիայի 60-ամյակի արարողությունը
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպում ՀԲԸՄ-ի «Սարյան» ակադեմիան շարունակում է գործունեությունը և իր հարկի տակ միավորում է արվեստասեր պատանիների և երիտասարդների: Մարտի 15-ին տեղի է ունեցել «Սարյան» գեղանկարչության ակադեմիայի 60-ամյակի արարողությունը:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հանդիսության ընթացքում իրենց խոսքն են ասել ՀԲԸՄ-ի Սիրիայի շրջանային վարչության ատենապետ Ներսես Ներսոյանը, նաև ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Հրազդան Թոքմաջյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են հայաստանյան «Հ1» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների «Սարյան» ակադեմիայի մասին պատրաստած տեսանյութերը:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդես է եկել խոսքով, ապա ընթերցել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորանքը, որից հետո հյուպատոսն ակադեմիայի աշակերտներին հանձնել է պատվոգրեր:
Ակադեմիան տարիներ շարունակ հյուրընկալել է հայտնի արվեստագետների, իր 60-ամյա երթի ընթացքում ակադեմիայի աշակերտները ցուցահանդեսներով հանդես են եկել Սիրիայի տարբեր նահանգներում և Լիբանանում:
Ակադեմիան սերտ կապեր է պահպանել հայրենիքի հետ, մասնավորապես 1967թ. Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստական դպրոցի 9-15 տարեկան սաների շուրջ 50 գործեր ցուցադրվել են Հալեպի պետական թանգարանում, ինչպես նաև 1996թ. կազմակերպվել է «Սարյան» աշակերտների գործերի ցուցահանդեսը Հայաստանի զգային պատկերասրահում:










