Աստերիքսի մասին կոմիքսների նկարները վաճառվել են Charlie Hebdo-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին օգնելու համար (լուսանկարներ)
Ֆրանսիայում կայացած աճուրդում 150.000 եվրոյով վաճառվել են «Աստերիքս» շարքի կոմիքսների համար արված օրիգինալ նկարները։ Վաճառքից ստացված հասույթը կհատկացվի Charlie Hebdo թերթի խմբագրությունում ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, գրում է newsru.com-ը։
1971-ին արված «Աստերիքսը և դափնու տերևը» կոմիքսների շարքը հատուկ ստորագրվել է այդ հայտնի կերպարի հեղինակ Ալբեր Ուդերզոյի կողմից։
Christie's աճուրդի տունը, որը վաճառքն իրականացրել է Փարիզում, հրաժարվել է իր հասանելիք գումարից։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Փարիզում խմբագրության վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ։ Թերթի հասցեին հաճախ էին հնչել սպառնալիքներ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով։
Այդ ահաբեկչությունից 2 օր անց ծաղրանկարիչ Ուդերզոն, ով այժմ թոշակի է անցել, հրապարակել է ծաղրանկարների նոր շարք՝ նվիրված զոհերի հիշատակին։ Նկարներում կրկին հայտնի կերպարներ Աստերիքսն ու Օբելիքսն են, ովքեր սգում են զոհերի համար։












