«Քրոնոս» քառյակը Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ է պատվիրել
Ամերիկյան լեգենդար «Քրոնոս» քառյակը Հայաստանում եզակի համերգ կունենա: «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ապրիլի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում քառյակը հայ հանրությանը կներկայացնի մի շարք յուրահատուկ ստեղծագործություններ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ լեգենդար քառյակը ցանկալի է բոլոր երկրներում:
««Քրոնոս» քառյակն երազում են հյուրընկալել աշխարհի ցանկացած բեմում և ցանկացած փառատոնում: Իրենք իրենց կողմից հատուկ գործ են պատվիրել ամերիկահայ մի կոմպոզիտորի, որպեսզի ներկայացնեն այն իրենց համերգի ընթացքում: Գործը նվիրված է ցեղասպանության 100-րդ տարելիցին և հատուկ իրենց համար է գրված: Դա մեծ հաջողություն է մեզ համար»,- նշել է Սոնա Հովհաննիսյանը:
Խոսքը Մերի Գույումճյանի «Լուռ կռունկներ» գործի մասին է, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Հայաստանում: Ծրագրում կհնչեն նաև Բրայս Դեսների «Ահյեմ», Լորի Անդերսոնի «Հոսք», Նիկոլ Լիզեի «Մահ դեպի Կոզմիշե», Գիշի Վիլիի «Վերջին բարի խոսքերը», Քլինթ Մանսելի «Ռեքվիեմ երազի համար»՝ «Սալոմեի խաղաղության պարերը» ստեղծագործությունից և այլ գործեր:
Սոնա Հովհաննիսյանը հիշեցրել է, որ«Երևանյան հեռանկարներ»-ի այս տարվա համերգները նվիրվում են ցեղասպանության տարելիցին: «Մենք շատ ընդգրկուն և ծանրակշիռ ծրագիր ունենք այս տարվա համար՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մեծանուն երաժիշտներ են նվագելու և իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է նա` հավելելով, որ Եվգենի Կիսինը ապրիլին այստեղ հանդես կգա մենահամերգով:
«Քրոնոս» քառյակը ավելի քան քառասուն տարի մեր ժամանակների ամենահայտնի և ազդեցիկ քառյակներից մեկն է՝ հազարավոր համերգներով ներկայանալով աշխարհի տարբեր բեմերից, թողարկելով բազմաթիվ յուրօրինակ ձայնագրություններ, աշխատելով աշխարհի լավագույն կոմպոզիտորների և կատարողների հետ: Խմբի բազմաթիվ մրցանակների շարքը համալրում է նաև 2004-ին շնորհված «Գրեմմի» մրցանակը՝ լավագույն կամերային երաժշտության կատարում անվանակարգում:
1973-ին Դեյվիդ Հարինգթոնը հիմնեց «Քրոնոս» քառյակը: Հետագայում «Քրոնոսն» ընդլայնեց իր նվագացանկը՝ կատարելով և ձայնագրելով ստեղծագործություններ՝ գրված լարային քառյակի համար 20-րդ դարի վարպետների, ժամանակակից կոմպոզիտորների, ջազ-լեգենդների, ռոք կատարողների կողմից, ինչպես նաև այն կատարողների, ովքեր չեն պատկանում որևէ երաժշտական ժանրի:










