Ղրիմում առաջին ռուսական գեղարվեստական ֆիլմն են նկարահանել` Պորեչենկովի գլխավոր դերակատարմամբ
Ղրիմում ավարտվել են «Հրաշքը Ղրիմում» առաջին ռուսական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Գլխավոր դերերում հանդես են եկել Միխայիլ Պորեչենկովը և Իրինա Գրինյովան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մինչ Յալտայի կինոստուդիան ձեռքից ձեռք է անցնում, մենք որոշել ենք ինքներս Ղրիմում կինոստուդիա կազմակերպել և սկսել նկարահանել ֆիլմեր: Մենք ցանկանում ենք, որ այստեղ լինի մեծ բազա: Այն դեռևս թղթի վրա է, սակայն մենք արդեն ֆիլմ ենք նկարահանել»,- հայտնել է ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Վիտալի Պավլովը:
Ըստ սյուժեի` Ամանորից առաջ Սիմֆերոպոլում հանդիպում են հասարակ վարորդը և կինոյի աստղը: Մարիան և Դմիտրին միասին են անցկացնում երկու օր, և նրանց կյանքը փոխվում է:
Ռեժիսորի խոսքով` գլխավոր դերակատարները նկարահանվել են գրեթե անվճար: Մյուս դերերը կատարել են բնակիչները: Նոր «Ղրիմ Կինո» կինոստուդիայի ֆիլմի նկարահանման ոչ մեծ միջոցները տրամադրել են տեղի մեկենասները։ Նկարահանումները տևել են 12 օր:
«Ամեն ինչ նկարահանել ենք ռեկորդային կարճ ժամկետներում, նկարահանել ենք Սիմֆերոպոլում և Նիկոլաևկայում: Այս ֆիլմի ամենամեծ արժեքն այն է, որ այն իսկապես ղրիմյան է»,- պատմել է Պորեչենկովը:










